Վրաստանը մտադիր է ընդլայնել իր երեք օդանավակայանները և կառուցել ևս մեկը

Վրաստանի կառավարությունը նախատեսում է ընդլայնել երկրում գործող բոլոր երեք միջազգային օդանավակայանները և մինչև 2027 թվականի վերջ սկսել Վազիանիում նոր, խոշոր օդանավակայանի կառուցումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայությունը՝ վկայակոչելով Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի խոսքերը։

«Զբոսաշրջային հոսքի աճի ֆոնին Վրաստանը ձեռնամուխ է լինում իր ավիացիոն ենթակառուցվածքների լայնածավալ արդիականացմանը։ Թբիլիսիում մենք սկսել ենք գործող օդանավակայանի ընդլայնումը, որը ուղևորափոխադրումները կհասցնի տարեկան 10 միլիոն մարդու։ Միևնույն ժամանակ, մինչև հաջորդ տարվա վերջ Վազիանիում կսկսվի նոր օդանավակայանի շինարարությունը, որը կսպասարկի 20 միլիոն ուղևորի։ Սա կարևոր է մեր երկրի համար՝ զբոսաշրջիկների հոսքի աճի համատեքստում»,-հայտարարել է Կոբախիձեն։

Իրակլի Կոբախիձեն նաև նշել է, որ երկիրը կընդլայնի Թբիլիսիի, Քութայիսիի և Բաթումիի միջազգային օդանավակայանների հզորությունները։