F-35-երի ձեռքբերման հարցը՝ Թուրքիայի կառավարության նիստի օրակարգում

Հուլիսի 13-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ տեղի կունենա կառավարության հերթական նիստը։ Նիստի օրակարգային հարցերից մեկը լինելու է Անկարայում անցկացված ՆԱՏՕ-ի 36-րդ գագաթնաժողովի արդյունքների ամփոփումը: Առանձնակի անդրադարձ կկատարվի Անկարա-Վաշինգտոն հարաբերությունների վերջին զարգացումներին: Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

Կքննարկվեն Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև կայացած հանդիպման արդյունքները, ամերիկյան «CAATSA» պատժամիջոցների չեղարկման հարցը, ինչպես նաև Թուրքիայի՝ F-35 կործանիչների ծրագիր վերադառնալու հնարավորությունն ու ռազմարդյունաբերության ոլորտում երկկողմ համագործակցությունը:

Միջանկյալ նշենք, որ «CAATSA»-ն պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին ԱՄՆ օրենքն է: Այն կիրառվել է Թուրքիայի դեմ, երբ վերջինս 2017-ին ՌԴ-ից ձեռք բերեց S-400 զենիթահրթիռային համակարգեր:

Կառավարության նիստի օրակարգից անմասն չեն մնալու նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերը. քննարկվելու են Հորմուզի նեղուցի գոտում վերսկսված բախումներն ու Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը, Իսրայելի կողմից Պաղեստինի Գազայի հատվածում իրականացվող հարձակումները, ինչպես նաև հատվածում տիրող հումանիտար իրավիճակն ու հրադադարին միտված քայլերը:

Թուրքիայի կառավարության անդամները մտքեր կփոխանակեն նաև «Թուրքիան առանց ահաբեկչության» ծրագրի շրջանակներում ձեռնարկվելիք իրավական քայլերի, ինչպես նաև երկրի տնտեսական իրավիճակի շուրջ: