Հուլիսի 6-ից 50 000 դրամ վճարով հնարավոր կլինի վերականգնել վարորդական իրավունքը՝ առանց քննություն հանձնելու. ՆԳ նախարար

Հուլիսի 6-ից 50 000 դրամ վճարով հնարավոր կլինի վերականգնել վարորդական իրավունքը՝ առանց քննություն հանձնելու: Այս մասին Կառավարության նիստում ասել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:

«Հուլիսի 6-ից օրենսդրական նախաձեռնությունը ուժի մեջ է մտնում, երկու իրավիճակ կարող ենք ունենալ, առաջինը, եթե հուլիսի 6-ի դրությամբ արդեն զրկման ժամկետը ավարտված լինի, հուլիսի 6-ից մինչև 1 տարվա ընթացքում անձինք կարող են դիմել, հերթագրվել, օր վերցնել վարորդական իրավունքի վերականգնման համար, և այցելեն հաշվառման քննական ստորաբաժանում, 50 000 դրամ տեղում կատարեն համապատասխան վճարումը ու առանց քննության ստանան վարորդական իրավունքը»,- նշել է Սարգսյանը:

Փաշինյանը հավելել է՝ կարգավորումը չի տարածվելու այն դեպքերում, երբ օրինական ուժի մեջ մտած դատավճիռներով են զրկված լինում: Կարգավորումը տարածվելու է զուտ վարչական զրկումների վրա, օրինական ուժի մեջ մտած դատավճիռների դեպքում դա լուծելի չէ: