ԿԸՀ-ի գաղտնի ցուցակները. հայախոս ադրբեջանցինե՞ր, մեռած հոգինե՞ր, հորինված անուն-ազգանուննե՞ր, թե հրահանգավորված զինծառայողներ…

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որը դեռ հունիսի 5-ին հրապարակել էր, թե ՀՀ-ում ընտրության իրավունք ունի 2 միլիոն 485 հազար 851 մարդ (ինչպես վերն արդեն նշել ենք, այս թիվն արհեստականորեն ուռճացված է), արդեն հաջորդ օրը ներկայացնելով քվեարկության մասնակիցների վերաբերյալ տվյալները, հրապարակել է ընտրողների մեկ այլ թիվ՝ 2 միլիոն 503 հազար 976 մարդ։ Այս փաստը նկատել, դրան ուշադրություն է դարձրել «Փաստինֆո» լրատվականը:

Բնականաբար, հարց է առաջացել, թե ինչո՞ւ է ընտրողների թիվն ավելացել 18 հազար 125-ով։ Ի պատասխան «Փաստինֆո»-ի հարցման, ԿԸՀ-ից այն անհեթեթ պատճառաբանությունն են ներկայացրել, թե դրանք գաղտնի ցուցակներ են։

Գաղտնի ցուցակնե՞ր… Արդեն այս օրի՞ն ենք հասել… Կառավարության գաղտնի որոշումներ, ԿՀԸ-ի գաղտնի ցուցակներ և այլն, և այլն: Ինչ-որ շատ չէ՞ այդ գաղտնին… Պատկերացնում եք, չէ՞, Նիկոլի ճղրտոցը, թե ԿԸՀ-ի գաղտնի ցուցակներ լինեին կամ դրանց մասին տեղեկատվությունը ջրի երես ելներ նախկինների օրոք…

Տո՛ գլուխներդ պատին եք տվել, թե դրանք գաղտնի ցուցակներ են, բավակա՛ն է չարաշահեք ձեզ տրված իշխանությունը ու լկտիանաք անպատժելիությունից, որը սոսկ ժամանակավոր է: Դրանք ԿԸՀ-ի աշխատողների՝ օրենքով պաշտպանված անձնական տվյալները կամ բանկային գաղտնիքները չեն, ոչ էլ ռազմական, պետական կամ ծառայողական գաղտնիք, հետևաբար ենթակա են հրապարակայնացման:

ԿԸՀ-ի մամուլի քարտւղարը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ոչ թե օրենքով է հիմնավորել դրանց գաղտնի լինելը, այլ դրանք չհանրայնացնելը «հիմնավորել է» «պետք չէ»-ով (ո՞վ է իրեն իրավունք տվել որոշել՝ պետք է, թե պետք չէ), ասել է , թե «Այն մարդիկ են դրանցում ներառված, որոնց ցուցակները պետք չէ, որ հանրայնացվեն, պետք չէ, որ երևան, թե որ ցուցակներն են։ Այն տվյալներն են, որոնք հրապարակման ենթակա չեն, գաղտնի են»:

Հետևաբար նկատի ունենալով վերոնշյալը, և ընդգծելով՝ եթե տվյալ ցուցակների գաղտնիությունը, դրանք չհրապարակելը չհիմնավորվի օրենքով, ապա պետք է եզրակացնել, որ դրանով ԿՀԸ-ի մամուլի քարտուղարի կողմից կոծկվում է ընտրակեղծիք-հանցագործությունը, և որ այդ ցուցակներում ընդգրկված են կա՛մ Հայաստանում նիկոլենց կողմից բերված, թեկուզ նիկոլենցից մուտքի թույլտվություն ստացած հայախոս ադրբեջանցիներ՝ հայկական կեղծ անձնագրերով, կա՛մ մահացած մարդիկ, կա՛մ ընդհանրապես գոյություն չունեցած և գոյություն չունեցող մարդիկ, այսինքն՝ հորինված անուն-ազգանուններ, որոնց փոխարեն ընտրակեղծարարները կեղծ անձնագրերով քվեարկել են ՔՊ-ի օգտին, կա՛մ նիկոլական յուրայիններ, որոնց անուն-ազգանունները գրանցված են երկու կամ ավելի հասցեներում, և որոնք քվեարկել են, հնարավոր է, ոչ միայն նույն ընտրատեղամասում, այլև ուրիշ, կա՛մ էլ, միգուցե, զինվորականներ, որոնք վերադաս հրամանատարության խիստ ու պարտավորեցնող ներքին հրահանգով քվեարկել են «Քաղաքացիական պայմանագիր» կոչված չարիքի (ՔՊ, կարդալ՝ «Քեմալական պայմանագիր») օգտին:

Դժվա՞ր է պատկերացնել կամ կռահել վերոնշյալ հրահանգի բովանդակությունը՝ եթե ուզում եք ծառայության ընթացքում հրամանատարության հետ խնդիրներ չունենալ, չհայտնվել արդեն գիտեք, թե ուր կամ «սաղ-սալամաթ» տուն հասել, քվեարկեք նրա օգտին, ում որ կասենք, ու չփորձեք մեզ հիմարացնել, 16 համարի քվեաթերթիկը ծրարի մեջ դնելը և մյուս քվեաթերթիկները ճղելը կնկարահանեք ձեր գրպաններում գտնվող, ձեզ տրված կամ ձեր սմարթֆոններով, հեռախոսներով, և քվեարկությունից հետո կբերեք, մեզ ցույց կտաք:

Բոլոր դեպքերում 18 125-ը լուրջ թիվ է, որը չէր կարող իր էական ազդեցությունը չունենալ ընտրությունների վերջնական արդյունքի վրա: Չէ՞ որ խոսքը 18-19 հոգու մասին չէ, որի դեպքում միգուցե կարելի էր աչք փակել կամ լռել, եթե նույնիսկ նրանք եղել են ոչ թե հայախոս ադրբեջանցիներ, այլ մեր ժամկետային զինծառայողները:

Հրապարակե՛ք այդ գաղտնի ցուցակները, ամեն ինչ պարզ կլինի, այլապես եթե ԿՀԸ-ն դրանց գաղտնիությունն օրենքով չհիմնավորի, ապա սույն հրապարակումը պետք է համարել հաղորդում հանցագործության մասին, իսկ դրան համապատասխան ընթացք չտալու դեպքում (ինչին, նախադեպերից ելնելով, գրեթե չենք կասկածում), վաղը հաշիվ է պահանջվելու անձամբ Հայաստանի գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող Աննա Վարդապետյանից և Կոռուպցիոն կոմիտեի (այո, այո, վրիպակ չէ, ոչ թե հակակոռուպցիոն, այլ հե՛նց կոռուպցիոն կոմիտեի) նախագահ Արթուր Նահապետյանից: Հասկացա՛ք…

Ինչպես տեղեկացրել ենք  ավելի վաղ, Հայաստանում ընտրողների ցուցակներն ավելի քան 300 000-ով ուռճացված են: Չգիտենք՝ այս շատ կարևոր տեղեկությանն ընդդիմությունն արդյոք ուշադրություն դարձրե՞ց, հաշիվ պահանջե՞ց ԿԸՀ-ից, Նիկոլի իշխանությունից, թե՞…

 

Արթուր Հովհաննիսյան