Թրամփը վստահ է, որ Իրանի հարստացված ուրանի պաշարը վերացվելու է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համոզմունք է հայտնել, որ Իրանի հարստացված ուրանի պաշարները կա՛մ կտեղափոխվեն Միացյալ Նահանգներ՝ վերացվելու համար, կա՛մ կոչնչացվեն հենց Իսլամական Հանրապետությունում կամ մեկ այլ հարմար վայրում։
Ինչպես մայիսի 25-ին «Truth Social» սոցիալական ցանցում գրել է Միացյալ Նահանգների ղեկավարը, «հարստացված ուրանը (միջուկային փոշին) կա՛մ անհապաղ կհանձնվի ԱՄՆ-ին՝ դուրսբերման ու ոչնչացման համար, կա՛մ կոչնչացվի հենց տեղում կամ ցանկացած այլ հարմար վայրում՝ ցանկալի է Իրանի Իսլամական Հանրապետության հետ համագործակցությամբ ու համաձայնությամբ»։ Ամերիկայի նախագահը նաև կողմ է արտահայտվել, որ այս գործընթացին որպես դիտորդ ներգրավվի ոլորտի մասնագիտացված կառույցը։

