ԱՄՆ-ը hարվածել է Իրանի հարավում գտնվող մի քանի թիրախների
Ամերիկյան զինվորականները հարվածներ են հասցրել Իրանի հարավային մասում գտնվող մի քանի թիրախների։ Այս մասին հայտնում է Fox News հեռուստաալիքը՝ հղում անելով ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ներկայացուցիչ Թիմ Հոքինսին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«ԱՄՆ ԶՈւ-ն այսօր ինքնապաշտպանական հարվածներ է հասցրել Իրանի հարավում՝ մեր զորքերը Իրանի ԶՈւ-ից բխող սպառնալիքներից պաշտպանելու համար։ Թիրախների թվում եղել են հրթիռների արձակման կայաններ, ինչպես նաև իրանական կատերներ»,- Հոքինսի խոսքերը X-ում մեջբերել է Fox News-ի լրագրող Ջենիֆեր Գրիֆինը։
CENTCOM-ի պնդմամբ՝ ամերիկյան զինվորականների կողմից գրոհի ենթարկված կատերները փորձել են ականներ տեղադրել։ Fox News-ի լրագրողի տեղեկություններով՝ հարձակման հետևանքով Բանդար Աբաս քաղաքի մոտ ոչնչացվել է ԻՀՊԿ երկու նավակ, ինչպես նաև հրթիռների արձակման մեկ կայան։
Գրիֆինի խոսքով՝ հարվածների հասցումն ավարտված է, դրանք կրել են պաշտպանական բնույթ։

