Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին կզրկի նրան շահավետ համագործակցությունից. Պեսկով
Ռուսաստանը էներգառեսուրսների հուսալի մատակարար է, հատկապես իր գործընկերների համար, սակայն գազի արտոնյալ գինը, որը գրավում է Հայաստանին, կարող է սկսել ձևավորվել շուկայական հիմունքներով, եթե Երևանը որոշի լքել Եվրասիական տնտեսական միությունը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հիշեցրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նա, մասնավորապես, մատնանշել է հայկական ղեկավարության հայտարարություններն այն մասին, որ գոյություն ունի ռուսական գազի «բավականին գրավիչ»՝ ավելի քան արտոնյալ գին։
«Դա իսկապես այդպես է՝ Ռուսաստանը մնում է էներգակիրների հուսալի և պատասխանատու մատակարար բոլոր երկրների համար և հատկապես՝ մեր մերձավոր դաշնակիցներին ու գործընկերներին»,- ընդգծել է Պեսկովը՝ հավելելով, որ նման «ռեժիմն անհնար է այլ ինտեգրացիաների մասնակիցների համար»։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հստակեցրել է, որ խոսքը, իհարկե, Եվրամիության մասին է։

