Բաբոն գնաց` կարոտը սրտում` հայրենի Թալիշից հեռու. Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․«Թալիշում ծառայած զինվորները լավ գիտեն, թե ինչպիսի առանձնահատուկ հարաբերություններ էր ձևավորված զինվորների և թալիշցիների միջև:

Գյուղում ոչ ֆորմալ ինստիտուտ էր գործում` «ձեդո-բաբոների»: Երևի չկար զինվոր, որը ինչ-որ ընտանիքի հետ կապված չլիներ. գնալ-գալը, սուրճ խմելն ու տնական հաց ուտելը յուրօրինակ ավանդույթ էր:

Ես էլ այդպիսի Բաբո ունեի` Վանքի Բաբո էին ասում. տունը գյուղի եկեղեցու կողքին էր:

Գյուղում հոգևոր ծառայություն իրականացնող հոգևորականը մոմերը Բաբոյի մոտ էր թողնում, իսկ Բաբոն նաև եկեղեցուն էր «տիրություն» անում` մաքրում և պահպանում:

Իմ կապն էլ Վանքի Բաբոյի հետ Եկեղեցի գնալ-գալով ձևավորվեց: Հաճախ էի այցի գնում, սուրճն ու հացը ճաշակում:
Զորացրվելուց հետո էլ այցելեցի: Աննկատ գումար թողեցի սեղանին ու հրաժեշտ տվեցի` հետևիցս եկավ: Ասեց` ի՞նչ ես անում, ասեցի` այդքան եկել եմ` սիրտս այդպես թելադրեց: Նեղացավ:

Հետ տվեց գումարը, ասեց մի քիչ հետո կգաս ճաշելու: Ներողություն խնդրեցի, ասեցի չեմ կարող, շտապում էի: Ասեց` դե սպասի: Գնաց տուն, մի 5 րոպեից հետ եկավ: Տոպրակ տվեց` միրգ, ընկույզ, չրեղեն, բարի ճանապարհ մաղթեց:

Ինչո՞ւ հիշեցի այս պատմությունը: Երեկ տեսա, որ թալիշցիների խմբում գրել էին, որ Ագնեսա տատիկը` Վանքի Բաբոն, մահացել է:

Թալիշի հետ կապված բոլոր պատմությունները աչքիս առաջ եկան` ծառայությունից մինչև մարդկային անմոռանալի, պարզ, անկեղծ հարաբերություններ:
Բաբոն գնաց` կարոտը սրտում` հայրենի Թալիշից հեռու: Հոգեվիճակ, որն այսօր ուղեկցում է բոլոր արցախցիներին, ովքեր արմատներով խրված էին հողում, սակայն արմատախիլ արվեցին:

Գնացի Չարենցավան` հոգեհանգստի, լուռ հրաժեշտ տալով ինձ ջուր, հաց և Բաբոյի ջերմություն փոխանցած մարդուն:
Վանքի Բաբոն արցախցիների հավաքական կերպարն էր` հայրենի հողը սիրող, հյուրասեր, մարդկային ու միշտ պատրաստակամ:
Չավարտված պայքար` մեծ հույսով և սպասումով:

#ԱնմոռանալիԱրցախ