Միջուկային տրիադան պետք է դառնա Ռուսաստանի և Բելառուսի ինքնիշխանության երաշխավորը. Պուտին
Միջուկային տրիադան պետք է դառնա Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության ինքնիշխանության երաշխավորը։ Դրա մասին իր բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է «Коммерсантъ»-ը։
Զանգի ընթացքում երկու երկրների ուժերը փորձարկել են միջուկային ուժերի կիրառումը։
«Հաշվի առնելով աշխարհում լարվածության աճը, նոր սպառնալիքների ու ռիսկերի ի հայտ գալը՝ մեր միջուկային տրիադան, ինչպես և նախկինում, պետք է ծառայի որպես ինքնիշխանության հուսալի երաշխավոր…»,- ասել է Պուտինը։
Ռուսաստանն ու Բելառուսը համատեղ միջուկային զորավարժությունները սկսել են մայիսի 19-ին, դրանք կտևեն մինչև մայիսի 21-ը։ Վլադիմիր Պուտինը նշել է, որ սա Ռուսաստանի և Բելառուսի առաջին համատեղ մարզումն է ռազմավարական և մարտավարական միջուկային ուժերի կառավարման ուղղությամբ։
Ինչպես հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, միջոցառումներին մասնակցում են ռազմավարական նշանակության հրթիռային զորքերը, Հյուսիսային և Խաղաղօվկիանոսյան նավատորմերը, հեռահար ավիացիայի հրամանատարությունը և Լենինգրադյան ու Կենտրոնական ռազմական օկրուգների ուժերի մի մասը։ Ներգրավված է ավելի քան 64 հազար զինծառայող և ավելի քան 7,8 հազար միավոր զինտեխնիկա։

