Իրանը համաձայնել է հարստացված ուրանը փոխանցել Ռուսաստանին՝ որպես ԱՄՆ-ի հետ խաղաղության համաձայնագրի մաս

Իրանը համաձայնել է երկարաժամկետ սառեցնել իր միջուկային ծրագիրը՝ պայմանով, որ 400 կգ բարձր հարստացված ուրան փոխանցվի Ռուսաստանին, այլ ոչ թե ԱՄՆ-ին։ Սա Իրանի վերանայված խաղաղության առաջարկի առանցքային մանրամասներից մեկն է, որը Վաշինգտոնին է փոխանցվել Պակիստանի միջոցով, հայտնում է Al Arabiya-ն։

Al Arabiya-ի տրամադրության տակ հայտնված տեղեկությունների համաձայն՝ Իրանի վերանայված առաջարկը նախատեսում է երկարաժամկետ բազմափուլ հրադադար՝ քաղաքական ձևակերպմամբ, որը Թեհրանին թույլ կտա «պահպանել դեմքը»։

Իրանը պատրաստ է սառեցնել իր միջուկային ծրագիրը, բայց ոչ՝ վերացնել։ 400 կգ բարձր հարստացված ուրանը պետք է փոխանցվի Ռուսաստանին։

Ինչ վերաբերում է Հորմուզի նեղուցին, Իրանը առաջարկում է դրա աստիճանական և անվտանգ բացում՝ Պակիստանի և Օմանի մասնակցությամբ՝ որպես երաշխավորներ։ Ընդ որում, ծովային երթուղին առաջարկվում է առանձնացնել միջուկային հարցից։

Ավելի բարդ հարցերը, ինչպիսիք են միջուկային ծրագիրը և ուրանի հարստացումը, հետաձգվում են բանակցությունների հաջորդ փուլեր։