Մատենադարանի հավաքածուները համալրվել են արժեքավոր ձեռագրերով, հմայիլներով և գրքերով

«Մատյանների տունդարձը» արշավը շարունակվում է

Մատենադարանի հավաքածուները համալրվել են արժեքավոր ձեռագրերով, հմայիլներով և գրքերով:

Առլեթ Էսքանդարին Մատենադարանին է ընծայաբերել Էլվիրա Թադևոսյանին և Արտավազդ Աղաբեկյանին պատկանող մեկ ձեռագիր ժապավինաձև հմայիլ (17-րդ դարի վերջ, գրիչ՝ Նիկողաոս երեց), և 1718 թվականի մեկ տպագիր ժապավինաձև Հմայիլ: 

Վիեննայից Մարգարիտ Պատմագրեանը նվիրաբերել է մեկ արժեքավոր ձեռագիր (Ժողովածու, 19-րդ դարի երկրորդ կես):

Արմեն Սարգսյանը (Սարգսյան Ա., Շ., Շամուտ, Եր. 2025), Վահե Ավագյանը (Վահե Վ. Ավագյան, Դոկտ. Հարություն Ստեփանյան և Նինիշ Ամիրխանյան-Ստեփանյան: Փաստագրական կենսագրություն և ալբոմ, Եր. 2025), Սամվել Տոնոյանը (Ձեզնով հանդերձ՝ ինձ հետ, Եր. 2025) և Երևանի «Հայբուսակ» համալսարանի ռեկտոր Սուրեն Հարությունյանը 14 օրինակ արժեքավոր գրքեր են ընծայաբերել Մատենադարանի գրադարանին:

Մատենադարանը երախտագիտություն է հայտնում նվիրատուներին արժեքավոր ընծայաբերումների համար։