Մելոնին Ալիևին խոստացել է՝ Եվրոպա մուտքի համար Իտալիան արտոնյալ դարպաս կլինի

Երևանից Բաքու մեկնած Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հայտարարել է, որ 2026 թվականի երկրորդ կեսին Ադրբեջանում կանցկացվի ադրբեջանա-իտալական բիզնես ֆորում։

«Մենք  ցանկանում ենք, որ Ադրբեջանն ամրապնդի իր դերը որպես Եվրոպայի և Ասիայի միջև հիմնարար հանգույց։ Այս առումով Իտալիան միշտ պատրաստ է խաղալ եվրոպական շուկա մուտք գործելու արտոնյալ դարպասի դեր։ Ակնհայտ է, որ նման ծրագիրը պահանջում է ներդրումներ, երկարաժամկետ ծրագրեր և մեր արտադրական ու արդյունաբերական համակարգերի լավագույն հնարավորությունների ինտեգրում։ Հետևաբար, մենք նախատեսել ենք 2026 թվականի երկրորդ կեսին Բաքվում կազմակերպել բիզնես ֆորում՝ մեր քաղաքական համագործակցությունը բիզնեսի համար կոնկրետ հնարավորությունների վերածելու համար»,-ադևրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ,  նշել է Իտալիայի ղեկավարը։

Նա ընդգծել է, որ բազմաթիվ իտալական ընկերություններ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում տարբեր ծրագրերեի արդիականացման իրականացման նկատմամբ։

«Էներգետիկան մեր համագործակցության միակ ոլորտը չէ։ Կան շատ այլ ոլորտներ», – հավելել է Ջորջա Մելոնին։