Քաղաքացին կարող է մնալ անպաշտպան, երբ նրա իրավունքները բախվում են իշխանական շահին. ՔԻՀԿ

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը հրապարակել է «Քաղաքացին և անարդարադատությունը, Սոնա Մնացականյանի գործը» թեմայով զեկույց, հիմքում Սոնա Մնացականյանի վրաերթի գործով նախաքննական փուլի, դատական վարույթի, պետական պաշտոնյաների, իշխանական և մերձիշխանական լրատվամիջոցների, քարոզիչների արձագանքների վերլուծությունն է: Հեղինակի կողմից մշտադիտրակվել են թվով 8 դատական նիստ:

Հիմնվելով զեկույցում ներկայացված դատական մշտադիտարկման արձանագրությունների և գործին առնչվող տվյալների վրա՝ կարելի է անել հետևյալ էական հետևությունները, որոնք մատնանշում են պետական համակարգում առկա խորքային և վտանգավոր խնդիրները.

1. Օրենսդրական բացերը որպես համակարգային անպատժելիության խթան
Հետևությունն այն է, որ պետական համակարգը ոչ թե շտկում է բացերը հանուն քաղաքացու անվտանգության, այլ «ճշգրտում» է դրանք՝ պատասխանատվությունից խուսափելու համար։Մասնավորապես ՃԵԿ հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների վերաբերյալ որոշման 2023 թ կատարված փոփոխությունը, որը թույլ է տալիս գերազանցել արագությունը «հարձակման» կամ դրա «իրական սպառնալիքի» դեպքում, ստեղծում է կամայական մեկնաբանությունների լայն դաշտ, որտեղ ցանկացած ծառայողական մեքենայի վտանգավոր վարքագիծ կարող է արդարացվել՝ պնդելով, թե շարասյան պատասխանատու ղեկավարը տեսել է նման հարձակման վտանգ կամ սպառնալիք։

2. Քննության ոչ պատշաճ ընթացք և ապացույցների «անհետացում»
Գործի քննության հանգամանքները հուշում են, որ կա պատասխանատվությունից համակարգված խուսափում ռադիոկապի ձայնագրությունների ոչնչացումը կամ «տեխնիկական անսարքությունը», ինչպես նաև դրա պատճառները պարզելու նպատակով փորձաքննություն չիրականացնելը թույլ են տալիս ենթադրել, որ կանխամտածված քայլ է արվել՝ թաքցնելու հրահանգները, որով և քրեական պատասխանատվության տիրույթ չեն բերվել շարասյան ղեկավար կազմի ներկայացուցիչները։ Նախ՝ փորձաքննությամբ հայտնաբերված անսարքության հիմնավորումը կարող էր փարատել այս կասկածները և ավելի թափանցիկ դարձնել վարույթը, ինչը չափազանց կարևոր է հատկապես հանրային հնչեղություն ունեցող գործերի պարագայում։ Երկրորդ՝ ցանկացած պարագայում երկրի գործադիր իշխանության ղեկավարի շարասյան կապի նման «անսարքության» առկայությունն ինքնին խնդրահարույց է՝ անվտանգության նկատառումներով։

3. Դատական պրոցեսի ձգձգումը որպես գործիք
Մշտադիտարկման արդյունքները և իշխանական արձագանքները հուշում են, որ դատական պրոցեսը միտումնավոր երկարաձգվում է։ Ենթադրաբար՝ նպատակը
վարույթը մինչև 2027 թ վաղեմության ժամկետի լրանալուն հասցնելն է, ինչը թույլ կտա մեղադրյալին ընդհանրապես խուսափել քրեական պատասխանատվությունից։

4. Զոհի վարկաբեկումը և հարազատների նկատմամբ հոգեբանական ճնշումներ
Իշխանամերձ քարոչությունը և պաշտպանական կողմը օգտագործել են բազմաթիվ միջոցներ և հնարքներ՝ զոհին մեղադրելու համար։ Փորձ է արվել Սոնա Մնացականյանի մահը ներկայացնել որպես «անհնազանդ», «կամակոր» քաղաքացու վարքի հետևանք, ինչպես նաև առաջ են բերվել անհիմն թեզեր, օրինակ՝ իբրև թե նա, «քաղաքական հայացքների» առաջնորդմամբ, դիտավորյալ չի զիջել ճանապարհը վարչապետի ավտաշարասյանը։ Լիովին ընդունելով ցանկացած մարդու դատական պաշպտանության իրավունքը՝ հարկ ենք համարում նաև նշել, որ արդարադատության մաս չի կարող կազմել տուժող կողմի վրա հոգեբանական ճնշումների գործադրումը, օրինակ՝ գերեզմանի ծախսերի վիճարկումը ոչ պատշաճ մեկնաբանություններով և վրաերթի տեսանյութի բազմակի ցուցադրումը նիստերի դահլիճում՝ առանց հաշվի առնելու հարազատների հուզական ապրումները։

Ընդհանուր հետևություն. Սոնա Մնացականյանի գործը փաստում է, որ քաղաքացին կարող է մնալ անպաշտպան, թիրախավորվել և պիտակավորվել, երբ նրա իրավունքները բախվում են իշխանական շահին կամ «շարասյան անվտանգությանը», թեև նման դեպքերում իրավապահ համակարգը պետք է ծառայի արդարադատությանը, այլ ոչ թե պաշտոնյաների նեղ շահերին։

Զեկույցի ամբողջական տարբերակը կարդացեք հետևյալ հղմամբ։