Սոնա Մնացականյանին հարվածելիս Փաշինյանի շարասյունը չի կանգնել, որ օգնի, և դա փաստ է․ փաստաբան

Նիկոլ Փաշինյանի շարասյան մեքենան վրաերթի է ենթարկում հղի Սոնա Մնացականյանին, շարասյան որևէ մեքենա չի կանգնում՝ օգնություն ցուցաբերելու տուժողին։ Շարասյունը նույն արագությամբ շարունակում է ընթացքը։ Այս մասին ասել է փաստաբան Տաթև Սողոյանը՝ «Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի» (ՔԻՀԿ) «Քաղաքացին և անարդարադատությունը Հայաստանում. Սոնա Մնացականյանի մահվան 4 տարին» թեմայով քննարկմանը։

«Պարոնյան-Լեո խաչմերուկում՝ թույլատրելի հատվածում, հատուկ դրա համար նախատեսված գծանշումով հատվածում, Սոնա Մնացականյանը անցել է փողոցը, որտեղ դժբախտաբար բախվել է վարչապետի ավտոշարասյանը, հարված է ստացել, որից հետո այդ շարասյունը չի կանգնել, առհասարակ որևէ մեկն այդ շարասյունից չի կանգնել օգնություն ցուցաբերելու, հասկանալու՝ նախ ինչ է տեղի ունեցել և հետո օգնություն ցուցաբերելու տուժողին,- ասել է իրավապաշտպանը, նշելով, որ շարասյունը նույն արագությամբ շարունակել է սլանալ՝ Փաշինյանին տանելով ՔՊ խմբակցության պատգամավորների հետ հանդիպմանըև ոչ թե պետական նշանակության միջոցառման։ «Իսկ ո՞վ է օգնություն ցուցաբերել Սոնա Մնացականյանին պարզապես տվյալ տարածքով պատահաբար երթևեկող շտապօգնության մեքենան: Այսինքն այն բոլոր թեզերը, որ վարչապետը չի իմացել կամ վարչապետն ինքն է ասել, որ շտապօգնություն կանչեն, որևէ փաստական տվյալով չեն հավաստվել»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ 2022 թվականի ապրիլի 26-ին Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը Պարոնյան փողոցում մահացու վրաերթի է ենթարկել հղի Սոնա Մնացականյանին։ Տուժողի իրավահաջորդ Րաֆֆի Ասլանյանը նշում է. «Մինչև օրս դեռ որևէ մեկը չի ենթարկվել քրեական պատասխանատվության, իսկ շարասյան արագության համար պատասխանատու՝ ղեկավար կազմի վերաբերյալ վարույթը դիտավորյալ կերպով «սառեցվել է» նախաքննության փուլում, թեև դատարանները երկու անգամ այդ վարույթով արձանագրել են տուժող կողմի իրավունքների խախտում, փաստացի պարտադրել են փորձաքննություն նշանակել ավտոմեքենաներում գործած ռադիոկապի ձայնագրության սարքով, պատշաճ միջոցներ ձեռնարկել ձայնագրությունը հայտնաբերելու ուղղությամբ, սակայն ոչինչ չի արվել»։

Դատարանի՝ 2024 թ. օգոստոսի 8-ին կայացրած վճռով Արամ Նավասարդյանը մեղավոր է ճանաչել 2003 թ. Ընդունված ՔՕ 242-րդ 2 մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները  կամ ճանապարհային երթևեկության  կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ 
առաջացրել է մարդու մահ) և 244-րդ հոդվածի 1-ին մասով (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) նախատեսված արարքներում։