«Սիլ-Մաազա» ՍՊԸ-ի զովացուցիչ ըմպելիքները չեն համապատասխանել սահմանված պահանջերին

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Սիլ-Մաազա» ՍՊԸ-ին (ք Երևան) պատկանող զովացուցիչ ըմպելիքների արտադրամասում, որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության:

Տեսչական մարմնից հայտնում են, որ, ըստ փորձաքննության արդյունքների, «ՍԻԼ ՉԻՊՈ» ապրանքանիշի «գազավորված զովացուցիչ ըմպելիք տանձի համով» (արտադրված՝ 18032026 թվականին) և «գազավորված զովացուցիչ ըմպելիք թարխունի համով» (արտադրված՝ 12022026 թվականին) արտադրատեսակների նմուշները՝ մեզոֆիլ աէրոբ և անաէրոբ մանրէներ և «խմորասունկ/բորբոսասունկ գումարային» ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային Միության կանոնակարգերով սահմանված պահանջերին։
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ զովացուցիչ ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ նշված արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել է։

Արտադրողին տրվել է խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագրեր, հանձնարարվել է ապահովել արտադրանքների համապատասխանությունը գործող տեխնիկական կանոնակարգերին: