Թրամփն Իրանին սպառնացել է բազմաթիվ ռումբերով, էլեկտրակայանների և կամուրջների ամբողջական ոչնչացմամբ

Իրանը հայտարարել է, որ իր զինվորականները պատրաստ են դիմակայել թշնամուն մինչև վերջին շունչը

 

 

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն Իսլամական հանրապետությանը սպառնացել է Իրանի հետ հրադադարի ավարտից, այսինքն՝ ապրիլի 21-ից հետո բազմաթիվ ռումբերով: Իրանի վրա բազմաթիվ ռումբեր կընկնեն, եթե հրադադարի ավարտից հետո երկրներին չհաջողվի համաձայնության հասնել. այս մասին, РБК-ի փոխանցմամբ, PBS-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:

Թրամփն Իրանին սպառնացել է ամբողջությամբ ոչնչացնել երկրի տարածքում գտնվող բոլոր էլեկտրակայաններն ու կամուրջները, եթե Թեհրանը հրաժարվի գործարքից. այս մասին Սպիտակ տան ղեկավարը, «Комсомольская правда»ի փոխանցմամբ , գրել է «Truth Social» սոցիալական ցանցի անձնական օգտահաշվում։

«Ես հույս ունեմ, որ նրանք կհամաձայնվեն դրան, քանի որ հակառակ դեպքում Միացյալ Նահանգները կոչնչացնի Իրանում յուրաքանչյուր էլեկտրակայան և անխտիր բոլոր կամուրջները»,- հայտարարել է Թրամփը:

ԱՄՆ-ի նախագահի խոսքով՝ ԱՄՆ-ն Իրանին «շատ արդար և ողջամիտ գործարք» է առաջարկում: Մինչդեռ մինչ այժմ ԱՄՆ-ի առաջարկած ու հրապարակված գործարքը չի համապատասխանում Թրամփի վերոնշյալ հայտարարությանը, ինչը, ամենայն հավանականությամբ, նրա հերթական ստերից է:

Իրանցի զինվորականները պատրաստ են դիմակայել թշնամուն մինչև վերջին շունչը: Ըստ «Al Jazeera»-ի հաղորդման, այս մասին Իրանական բանակի օրվա կապակցությամբ հայտարարել է Իրանի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Ամիր Խաթամին:

«Մեր ուժերը մինչև վերջին շունչը դիմագրավելու են թշնամուն՝ մատը ձգանին դրած, պատրաստ և՛ մարտի, և՛ զոհերի»,- РБК-ի փոխանցմամբ , հայտարարել է նա:

Իրանի ԶՈւ գլխավոր հրամանատարը նաև խոստացել է շարունակել պաշտպանել «երկրի անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը ցամաքում, օդում և ծովում»:

Իրանի Մեջլիսի (խորհրդարանի) նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը չի վստահում Իսրայելին և ԱՄՆ-ին, ու պատրաստ է ցանկացած պահի վերսկսել ռազմական գործողությունները:

«Մենք չենք վստահում մեր հակառակորդներին, և արժե նրանց սխալ թույլ տալ՝ տեսնելու, թե ինչպես Իրանն անմիջապես կվերսկսի ռազմական գործողությունները,- «Tasnim» գործակալության տեղեկացմամբ, ասել է Ղալիբաֆն Իրանի խորհրդարանում ելույթի ժամանակ:- Մեր զինված ուժերը լիովին պատրաստ են դրան»:

Իրանի խորհրդարանի նախագահը հայտարարել է նաև, որ երկրի Զինված ուժերը գտնվում են լիակատար մարտական պատրաստության մեջ:

«Մենք չենք վստահում թշնամուն,- «Press TV» հեռուստաալիքի հաղորդմամբ, հայտարարել է Ղալիբաֆը։- Նույնիսկ հիմա, երբ մենք նստած ենք այստեղ, կարող է պատերազմ սկսվել։ Զինված ուժերը տեղերում գտնվում են լիակատար մարտական պատրաստության մեջ»:

Երկու երկրների պատվիրակություններն այսօր պետք է ժամանեն Պակիստան՝ բանակցությունների երկրորդ փուլի համար (ավելի վաղ նշվում էր, թե բանակցությունները հանգստյան օրերին են նախատեսված), բայց…

ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և ԱՄՆ-ի նախագահի փեսա Ջարեդ Քուշները մեկնել են Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցելու. այս մասին, РБК-ի փոխանցմամբ, Դոնալդ Թրամփը հայտնել է «New York Post»-ին:

CNN-ի աղբյուրների տվյալներով, որոնք իբրև ծանոթ են ԱՄՆ-ի պատվիրակության ծրագրերին, Վենսն Իրանի հետ բանակցությունների հերթական փուլին մասնակցելու համար Պակիստան կմեկնի միայն վաղը՝ ապրիլի 21-ին: Իրանի հետ բանակցությունների երկրորդ փուլը նախատեսված է ապրիլի 22-ին, սակայն դրա անցկացման ժամկետների մասին, ինչպես CNN-ին հայտնել են Սպիտակ տան ներկայացուցիչները, պաշտոնական տեղեկատվություն դեռ չկա:

«Մենք պետք է բանակցություններ վարեինք։ Ես կարծում եմ, որ այս փուլում ոչ ոք խաղեր չի խաղում»,- ասել է Թրամփը։

ԱՄՆ-ի նախագահը նշել է, որ անձամբ պատրաստ է հանդիպել Իրանի առաջնորդների հետ՝ բանակցություններում բեկման հասնելու պայմանով:

Ինչո՞ւ է Թրամփն ամերիկյան պատվիրակության մեկնումից հետո ոչ թե ներկա, այլ անցյալ ժամանակով արտահայտվել՝ «Մենք պետք է բանակցություններ վարեինք»… Հավանաբար այն պատճառով, որ արդեն տեղեկացվել է բանակցություններին մասնակցելուց Իրանի հրաժարվելու մասին:

РБК-ի փոխանցմամբ, ինչպես իրանական բանակցային խմբին վկայակոչելով, հայտնել է իրանական «Tasnim» գործակալությունը, Թեհրանը հրաժարվում է բանակցությունների նոր փուլից, քանի դեռ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը գտնվում են Հորմուզի նեղուցում և իրականացնում Իրանի ծովային շրջափակումը:

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաին այսօր հայտարարել է, որ Թեհրանը Վաշինգտոնի հետ բանակցությունների նոր փուլի պլաններ չունի՝ վստահության բացակայության պատճառով: Նա հանդիմանել է ԱՄՆ-ին վարքագծի և հայտարարությունների անհամապատասխանության համար՝ որպես օրինակ բերելով Հորմուզի նեղուցի շրջափակումը և մի քանի անգամ արձանագրված հրադադարի խախտումները:

Իրանի IRNA պաշտոնական գործակալությունը ժամեր առաջ նույնպես հայտնել է, որ Իրանը հրաժարվել է մասնակցել Պակիստանի մայրաքաղաքում ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին: Պարբերականը մերժման պատճառ է համարում Վաշինգտոնի ուռճացված, չափազանցված պահանջները, անիրատեսական սպասումները, բանակցային դիրքորոշման մշտական փոփոխությունները, հակասություններն իրենց իսկ արտահայտած դիրքորոշումներում և Իսլամական Հանրապետության շարունակվող ծովային շրջափակումը:

Թրամփն ավելի վաղ PBS հեռուստաալիքին տված հարցազրույցում

հայտարարել է, որ իր համար միևնույն է, թե Իրանի պատվիրակությունն առաջիկա բանակցություններին արդյոք կժամանի՞ Իսլամաբադ:

«Ես չգիտեմ, նրանք պետք է այնտեղ լինեին: Մենք համաձայնեցինք այնտեղ լինել… Եվ մենք կտեսնենք՝ նրանք այնտեղ կլինե՞ն, թե ոչ: Եթե նրանք այնտեղ չլինեն, դա նույնպես նորմալ է»,- «РИА Новости»ի փոխանցմամբ , ասել է ԱՄՆ-ի նախագահը, պատասխանելով այն հարցին, թե Իրանն արդյոք մասնակցելո՞ւ է բանակցություններին:

Թրամփը, ըստ «Bloomberg» գործակալության հրապարակման, հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի պատրաստվում չեղարկել Հորմուզի նեղուցում ծովային շրջափակումը, քանի դեռ Իրանի հետ խաղաղության գործարք չի կնքել:

«Ես դա չեմ բացի (ծովային շրջափակումը-խմբ.), քանի դեռ գործարք չի կնքվել»,- «Комсомольская правда»ի փոխանցմամբ , ընդգծել է ԱՄՆ-ի առաջնորդը։

Գործակալության հավաստմամբ, փոխնախագահ Ջեյ Դի Վենսը շատ շուտով աշխատանքային այցով կմեկնի Պակիստան։ Այնտեղ նա վաղը ցանկանում է մանրամասն քննարկել պատերազմն ավարտելու ծրագիրը, և թե ինչպես կարելի է վերսկսել Իրանի հետ բանակցությունները։

 

 

Արթուր Հովհաննիսյան