«Վախի ընտրաքվեն» որպես իշխանության քաղաքական նոր բրենդ. Վլադիմիր Մարտիրոսյան

«Վախի ընտրաքվեն» որպես իշխանության նոր քաղաքական բրենդ: 

Մետրոյի հայտնի միջադեպը ամբողջությամբ փոխել և կոտրել է իշխանության նախընտրական քաղաքական ինժեներիան: Վերջին երեք օրերի ընթացքում իշխանությունը անձամբ խժռեց հենց իր «խաղաղություն» նախընտրական բրենդը: Քանի որ քաղաքական աղմուկը շատ է, իսկ իշխանության ջանքերը մեծ են կոծկել նախկին սխալները անդադար նոր սկանդալների և աբսուրդների արտադրության միջոցով, հարկ է անդրադառնալ վերջնախաղում գտնվող այս իշխանության՝ «Վախի ընտրաքվե» բրենդին, ինչը դարձել է իշխանության վերջին բաստիոնը: 

Փաշինյանը այլևս անցել է քաղաքականության մեջ այն կարմիր գիծը, որը անցնելու պահից առաջնորդը դադարում է լինել պետության անվտանգության երաշխավոր և վերածվում է սեփական իշխանության պահպանման տեխնոլոգի։

Այդ գիծը անցնում է հենց այնտեղ, որտեղ պատերազմի սպառնալիքը դադարում է լինել չեզոքացման ենթակա ռիսկ և սկսում է ծառայել որպես ընտրական գործիք։ Պետության իրական առաջնորդը պատերազմը չի «վաճառում»։ Նա այն կանխում է, պատրաստվում է դրան, մոբիլիզացնում է պետությունը, ուժեղացնում է ինստիտուտները, կառուցում է դիմադրողականություն և այդ աշխատանքի արդյունքով ստանում է հանրային վստահություն։Էսպես է բոլոր նորմալ երկրներում և նորմալ առաջնորդություններում:

Բայց երբ նույն այդ սպառնալիքը վերածվում է ընտրական լծակի, տեղի է ունենում վտանգավոր շրջադարձ։ Այստեղ պատերազմը այլևս արտաքին ռիսկ չէ։

Այն դառնում է ներքին քաղաքական տեխնոլոգիա։ Եվ հենց այստեղ է ծնվում «վախի ընտրաքվեն»։

«Վախի ընտրաքվեն» քաղաքական երևույթ է, երբ ընտրողին չեն առաջարկում անվտանգություն, այլ պարտադրում են վախ։ Չեն առաջարկում լուծում, այլ առաջարկում են կախվածություն։

Չեն ասում՝ «ես կկանխեմ պատերազմը», այլ ասում են՝ «եթե ինձ չընտրեք՝ պատերազմ կլինի»։

Սա արդեն քաղաքականություն չէ։ Սա հոգեբանական վերահսկողության մեխանիզմ է։ Այստեղ ընտրությունը դադարում է լինել ազատ կամարտահայտություն և վերածվում է գոյաբանական շանտաժի։ Կրկնում եմ գոյաբանական շանտաժի, որը որևէ կերպ այլևս չի կարող լեգիտիմ համարվել: Քաղաքացին այլևս չի ընտրում ապագա։ Նա փորձում է խուսափել պարտադրված սպառնալիքից։

Եվ հենց այս կետում «վախի ընտրաքվեն» դառնում է ոչ թե պարզապես գործիք, այլ ամբողջական քաղաքական բրենդ։

Փաշինյանի քաղաքական մոդելը վերջին փուլում կառուցվում է հենց այս առանցքի վրա։ Խաղաղությունը նրա մոտ այլևս արժեք չէ՝ այն դարձել է պայմանականություն։ Պայման՝ իր վերարտադրության դիմաց։

Պատերազմը նրա մոտ այլևս բացառման ենթակա վտանգ չէ։ Այն դառնում է սցենար, որը մշտապես կախված է հասարակության գլխավերևում որպես քաղաքական սուր։ Ցույց տվեք որտեղ է էստեղ «խաղաղությունը» այն չկա, այսինքն չի էլ եղել այլ անխնա օգտագործվել իմիջային առումով և փչացել: 

Այսինքն՝ ձևավորվել է մի փակ շղթա՝

պատերազմի սպառնալիք-վախի գեներացում-վախի քաղաքականացում- ընտրական կախվածություն- իշխանության վերարտադրություն։ Սա այլևս անվտանգության ճարտարապետություն չէ։ Սա վախի կառավարման համակարգ է։

Եվ այստեղ ամենակարևոր հարցը սա է, եթե խաղաղությունը կախված է մեկ անձից, ապա դա խաղաղություն չէ, այլ վերահսկվող անորոշություն է, որի միջոցով կառավարվում է հասարակությունը։

Ավելին՝ նման համակարգում պատերազմը նույնիսկ դադարում է լինել բացառիկ և վտանգավոր իրադարձություն։ Այն դառնում է չարչրքման և օգտագործման քաղաքական ռեսուրս։ Այն առաջնորդը, որը պատերազմի սպառնալիքը չի չեզոքացնում, այլ պահում է որպես իշխանության վերարտադրության գործիք, ոչ միայն չի կատարում իր սահմանադրական առաքելությունը, այլ պետք է հայտնվի պատասխանատվության դաշտում։ Որովհետև պետության առաջնորդի առաջնային պարտականությունը վախ արտադրելը չէ։

Նրա պարտականությունն է՝ անվտանգություն ապահովելը։ Իսկ եթե անվտանգության փոխարեն առաջարկվում է վախ, իսկ վախի փոխարեն՝ ընտրություն,

ապա այդ ընտրությունը արդեն ազատ չէ։

Այդ ընտրությունը «վախի ընտրաքվեի» հայթայթում է։

Եվ սա այլևս քաղաքական բրենդ է, երբ իշխանությունը չի կարող հաղթել վստահությամբ և անցնում է կառավարման ամենահին, բայց ամենավտանգավոր մեթոդին՝ վախով կառավարելուն։

P.S. Այն իշխանությունը, որը գոյատևում է վախի ընտրաքվեով, վաղ թե ուշ կանգնում է մի իրականության առաջ, որտեղ հասարակությունը սկսում է հաղթահարել իր վախը։ Եվ այդ պահից սկսվում է ոչ թե ընտրությունների արդյունքի փոփոխությունը, այլ ամբողջ քաղաքական համակարգի։ Մի վախեցեք թշնամուց, նա կանխատեսելի է: Առավելևս մի վախեցեք թշնամիով ձեզ վախեցնողից նա ոչ միայն ավելի կանխատեսելի է այլ կախյալ ձեզանից ոչ թե դուք իրենից:

Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից