Մովսես Շարբաթյանի տնային կալանքը վերացվեց
18 արդարների գործով մեղադրյալ Մովսես Շարբաթյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված տնային կալանքը վերացվեց։ Հանրային մեղադրողը միջնորդել էր Շարբաթյանի տնային կալանքը երկարացնել ևս 3 ամսով՝ պահպանելով համակցված մյուս միջոցները։
Շարբաթյանի պաշտպանն ասաց, այսօր առավոտյան դատարանին ու մեղադրողին ուղարկել է միջնորդություն՝ Շարբաթյանի նկատմամբ խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ, դրանում առկա են առողջական վիճակի մասին տեղեկություններ։ Դատարանը 15 րոպե ընդմիջում հայտարարեց միջնորդությանը ծանոթանալու համար։
Դրանից հետո պաշտպանն ասաց, որ Շարբաթյանն իր խնամքի տակ ունի մանկահասակ երեխա, կինը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում, աշխատել չի կարող։
Մովսես Շարբաթյանի նկատմամբ որպես խափանման միջոց սահմանվեց վարչական վերահսկողություն՝ էլեկտրոնային սարքի միջոցով, շաբաթը երկու անգամ նա պետք է ներկայանա պրոբացիայի ծառայություն, ժամը 23։00-ից մինչև ժամը 8։00-ն չբացակայել տանից, չհաղորդակցվել վարույթի մասնակիցների հետ, չայցելել զվարճանքի ու ժամանցի վայրեր և այլն։

