Ժնևում մեկնարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը

Ժնևում՝ Օմանի գլխավոր հյուպատոսությունում, մեկնարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև Իրանի միջուկային ծրագրի շուրջ անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։ Այս մասին հայտնել է իրանական Press TV հեռուստաալիքը։

Ինչպես և նախորդ փուլերում, օրակարգը կենտրոնացած է բացառապես միջուկային խնդրի և Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների չեղարկման վրա։

«Ակնհայտ է, որ բանակցությունները վերաբերելու են միջուկային խնդրին», – բանակցությունների մեկնարկից անմիջապես առաջ լրագրողներին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

Նա նշել է, որ բանակցությունների ձևաչափը նման կլինի փետրվարի 6-ին Մասկատում կայացած բանակցություններին, երբ Իրանի և ԱՄՆ-ի բանակցային խմբերը իրենց ուղերձներն են փոխանցել Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդիի միջոցով և պայմանավորվել են շարունակել բանակցային գործընթացը:

Բանակցություններում ամերիկյան կողմը գլխավորում է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, իսկ իրանական կողմը ներկայացնում է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին:

Նախօրեին Արաղչին ԱԷՄԳ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսիի հետ քննարկել է Իրանի միջուկային ծրագիրը, ինչպես նաև բանակցություններ է վարել ալ-Բուսաիդիի հետ: