Ընդդիմադիր պատգամավորը ԱՄՆ-ում կոչ է արել պահանջել Ադրբեջանից հայ գերիների ազատ արձակումը

ՀՅԴ Բյուրոյի անդամ Լիլիթ Գալստյանը անցած շաբաթ ԱՄՆ կատարած այցի ընթացքում մի շարք հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի անդամների հետ։

Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Լիլիթ Գալստյանը իր ամերիկացի գործընկերներին կոչ է արել պահանջել Ադրբեջանից Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակումը։

ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Բրեդ Շերմանի հետ հանդիպման ընթացքում Գալստյանը ընդգծել է Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների վերադարձի կարևորությունը՝ շեշտելով, որ առանց հումանիտար խնդիրների լուծման հնարավոր չէ տարածաշրջանում հասնել կայուն և երկարատև խաղաղության։

Գալստյանը Շերմանին և առանձին հանդիպումների ընթացքում նաև այլ կոնգրեսականների տեղեկացրել է Հայաստանում ժողովրդավարության նահանջի մասին՝ մատնանշելով իշխանությունների կողմից խորացող բռնաճնշումները, խոսքի ազատության խախտման մտահոգիչ դեպքերը և Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող, իր բնորոշմամբ, անօրինական արշավը։

Նույն խնդիրներն ու մտահոգությունները նա բարձրացրել է նաև անցած շաբաթ Լոս Անջելեսում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Լաուրա Ֆրիդմանի և Ջուդի Չուի հետ հանդիպումների ընթացքում։

Լիլիթ Գալստյանը Լոս Անջելեսում էր՝ որպես հիմնական զեկուցող հանդես գալու Հայ Յեղափոխական Դաշնակցության 135-ամյակի հանդիսավոր միջոցառմանը, որը տեղի է ունեցել հունվարի 25-ին։