Մարդիկ դատում են առանց իմանալու, վիրավորում՝ առանց պատճառի և խաչում՝ առանց խղճի. Հայր Ռուբեն

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանի գրառումը

 ԹՎԱՅԻՆ ԿՈԼԻԶԵՅ

Աշխարհը փոխում է գործիքները, բայց ոչ իր հոգին։

Մի ժամանակ քրիստոնյաներին նետում էին առյուծների առաջ, այսօր՝ հասարակական կարծիքի։ Ծնոտները այլևս գազանների չեն, այլ թվային ատելության, որը խժռում է ճշմարտությունն ասել համարձակվողների հեղինակությունն ու արժանապատվությունը։

Երեկվա նահատակներն իրենց մահկանացուն կնքեցին հրապարակներում, այսօրվանը խաչված են սոցիալական ցանցերում։ Այն ժամանակ արյունը հոսում էր Կոլիզեյի ավազներում, այսօր այն հոսում է զրպարտությունից ու ստերից վիրավորված խղճմտանքների մեջ։ Ժամանակակից դարաշրջանը մարմնի տանջանքները փոխարինել է հոգու լինչի դատաստանով։

Սուրն այլևս անհրաժեշտ չէ ստեղնաշարը բավարար է ճշմարտությունն ասողներին հարվածելու համար։

«Հասարակական կարծիքը» դարձել է նոր տիպի ամբոխ՝ առանց դեմքերի, բայց նույնքան դաժան։ Մարդիկ դատում են առանց իմանալու, վիրավորում՝ առանց պատճառի, և խաչում՝ առանց խղճի։

Նրանք, ովքեր պաշտպանում են ճշմարտությունը, քարկոծվում են, իսկ ովքեր արդարություն են փնտրում, ծաղրուծանակի ենթարկվում։

Բայց ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր՝ Հոգին մնում է նույնը այն Հոգին, որ պահեց նահատակներին, կպահի նաև այսօրվա խղճի հալածյալներին։

Այսօր պետք չէ կանգնել առյուծների առաջ՝ նահատակ դառնալու համար։ Բավական է կանգնել Ճշմարտության կողքին։

Եվ եթե մեր դարաշրջանի Կոլիզեյը թվային է, ապա մեր հավատարմությունն էլ պետք է լինի հոգևոր՝ անտեսանելի, բայց անսասան։