Դառնանք նորմալ ազգ, որը կանգնած է սեփական գաղափարախոսության արմատների վրա․ Աշոտ Նավասարդյան
Հայ քաղաքական, պետական գործիչ, Հայաստանի հանրապետական կուսակցության հիմնադիր-նախագահ ԱՇՈՏ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ հիշատակի օրն է։ Ն Նա մահացել է 1997 թվականի նոյեմբերի 3-ին, 47 տարեկանում։
Նավասարդյանի դուստրը՝ Արուսյակ Նավասարդյանը հրապարակել է ԱՇՈՏ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ հարցազրույցը՝ տպագրված 1989թ. «Գարուն» ամսագրում։ Հարցազրույցը ներկայացնում ենք կրճատումներով։
ԿեՑՑԵ ԱԶԱՏ ՈՒ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԸ
ԱՐՄԵՆ ԴԱՎԹՅԱՆ – Սկզբում մի պրովոկացիոն հարց. եթե Ղարաբաղյան Շարժման սկզբում (նկատի ունեմ 88-ի փետրվարը) դուք լինեիք ղեկավարների մեջ, ի՞նչ ճանապարհով կփորձեիք տանել շարժումը։ Այս հարցում սկզբունքային ինչ տարբերություններ կան ձեր և Ղարաբաղյան Շարժման Հայաստանի կոմիտեի հայացքների միջև, եթե, իհարկե, կան։
ԱՇՈՏ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ – Նախ և առաջ, ես չէի լինի շարժման ղեկավար, քանի որ ունեմ այլ հայացքներ և երկրորդ՝ ստեղծվում է, ավելի ճիշտ. այսօր արդեն ստեղծված է ինչ-որ ֆոն, և այդ ֆոնի վրա գործում են մյուսները։ Այդ ֆոնը Ղարաբաղյան Շարժումն է։ Արմատականներն, իհարկե, կրեցին Ղարաբաղյան Շարժման ազդեցությունները, բայց իրենք էլ մեծապես ազդեցին և կոմիտեի, և շարժման վրա։
Մեր գործունեության ընթացքում Ղարաբաղի հարցը կարևոր ծրագրային կետերից մեկն է եղել, և ասել, թե 1988-ին սկսվեց այս շարժումը՝ սխալ կլինի, որովհետեւ, մենք գիտենք, որ շատ մարդիկ են բռնությունների ենթարկվել, երկար տարիների ազատազրկություն են կրել, հատկապես Ղարաբաղի հարցը բարձրացնելու կապակցությամբ։ Այնպես որ, այդ մարդիկ ունեցել են իրենց ծրագիրը, բայց այդ ծրագիրը չէր կարող հաշվարկված լինել ժողովրդական լայն զանգվածների զորակցության վրա։ Այդ մարդիկ միշտ իրենց փոքրամասնությունն են զգացել և այսպիսի ծրագրեր իրականացնելու ոչ միայն հնարավորություն չեն ունեցել, այլև երազել չէին կարող։ Ես միայն ընդհանուր դրույթներով պատասխանեցի Ձեր հարցին, ասեմ նաև, որ եթե ես լինեի շարժման ղեկավարների մեջ, անպայման կջանայի, որ Ղարաբաղն ինքնորոշվեր դեպի Հայաստան (որն ինքնին առկա է), իսկ Հայաստանն ինքնորոշվեր դեպի անկախ պետականություն։ Այսինքն, ես կփորձեի հայ ժողովրդի երկու հատվածների ինքնորոշումը դնել մեկ միասնական համալիրի մեջ։ Այս դեպքում չէր լինի նաև այն անջրպետը, որն այսօր կա։ Այսինքն, ոմանք «ներքին» կոչված հողերի միավորման ջատագովն են, իսկ մյուսներն անկախություն են պահանջում։ Իմ անձնական տարաձայնությունների մասին՝ այսքանը․․․
Ա.Դ. – Ես լսել եմ, որ քաղաքականների ճամբարն ընդհատակային պայքարի և քաղաքական գրագիտության մեծ դպրոց է։ Իսկապե՞ս այնտեղ այդքան շատ բան էին սովորում։
Ա.Ն. – Ցանկացողները՝ այո։
Քաղաքական ճամբարում տարբեր հայացքների տեր մարդիկ կային, տարբեր ազգերի, տարբեր հոդվածներով ու ժամկետներով․․․
Ընդհանրապես այսպիսի չգրված օրենք կար։ Քաղաքական կալանավորները գաղափարական հողի վրա չպետք է բախվեին։ Ասենք, ինձ հետ նույն կալանավայրում էին ռուս մոնարխիստները։ Նրանք ասում էին. որ ռուսական այս կայսրության մեջ պետք է լինեն բոլոր մյուս ժողովուրդները։ Այն իմաստով, որ ի վերջո, մենք մեր մշակույթով, գիտությամբ, մեր գենոֆոնդով, ուշ թե շուտ, արագ թե դանդաղ, միևնույն է, ձուլվելու ենք, լուծվելու ենք ռուսական այդ մեծ ծովի մեջ։ Այսինքն՝ մենք այդ ծովի համար «սնուցող միջավայր ենք»։ Այդ մարդռւ հետ մենք նստած էինք նույն խցում։ Երբ շատ էինք տաքանամ, ասում էինք. «Մենք հիմա, այս պահին ունենք մի ընդհանուր հակառակորդ, թեև վաղը հնարավոր է, որ դուրս գանք իրար դեմ։ Հիմա մենք չպետք է «տաքանանք», որովհետև ճամբարում այնքան իրարամերժ կարծիքներ կային, որ այդ ճամբարը կարող էր սպանդանոց դառնալ, եթե մենք փորձեինք բռնի բախումների ճանապարհով փոխհարաբերություններ ճշտել»։ Այստեղ հարկ եմ համարում հատուկ նշել, որ բռնություններ քաղճամբարներում հազվադեպ էին, որովհետեւ բոլորն էլ կիրթ մարդիկ էին, եթե չհաշվենք այն քրեագործներին, որոնց դիտավորյալ բերում էին մեր ճամբար, որպեսզի ստեղծեին միջավայր։
Մի ազնիվ մարդու գցում էին այդ սահմանափակ տարածությամբ վայրը, դա կարող էր լինել պարիսպ կամ բանտախուց և այդ ազնիվ մարդուն ահաբեկման էին ենթարկում քրեագործի ձեռքով։ Այդ քրեագործները, փաստորեն, գիտակցված, թե չգիտակցված (հիմնականում՝ գիտակցված) համագործակցում էին ճամբարային վարչության հետ։ Իսկ մենք՝ այսինքն ես և ռուս մոնարխիստը իրար ասել էինք, որ մենք թշնամիներ ենք, բայց իրար հետ թեյ էլ ենք խմել, զատիկ էլ ենք տոնել, և երբեք բանը տեսական վեճից այն կողմ չենք հասցրել։ Այդ վեճերի ընթացքում մարդիկ ոչ միայն «արգելված» պատմության էին սովորում, այլև ճանաչում էին իրար։ Օրինակ, անհամեստություն չհամարեք, ռուս մոնարխիստները ի շնորհիվ մեզ, այսօր շատ լավ գիտեն, թե ինչ ասել է հայ ազգայնական, ճիշտ այնպես, ինչպես ցարի ժամանակ ռուս շովինիստները գիտեին, թե ինչ ասել է «դաշնակցություն»։ Հիմա էլ մեր օրինակով էին սովորում։ Ընդհանրապես ես պետք է ընդգծեմ, որ հայերից շատ բան են սովորել։ Նրանք հո կույր չէի՞ն, տեսնում էին, որ Հայաստանից հոսքը դեպի ճամբարներ շատ մեծ է, ի տարբերություն, ասենք, Մոլդովիայի կամ Բելոռուսիայի, կամ թեկուզ այսօր այդքան ակտիվ համարվող մյուս հանրապետությունների։ Ես այս մասին պետք է հատուկ շեշտեմ, որովհետեւ այստեղ լավ բաներ չեմ լսում, մեզ վիրավորում են։ Մեզ ասելով, ես նախկին հայ քաղկալանավորների «ֆիրմայի» պատիվը չեմ պահում։ Ոմանք այստեղ հայ ժողովրդին են վիրավորում իրենց անտեղյակությամբ ու օտարամոլությամբ։ Մի թարմ օրինակ բերեմ։ Վերջերս լսեցի, որ ինչ-որ կազմակերպությունից տղաներ են ուզում գնալ Լիտվա՝ նախկին քաղկալանավորների հետ հարցազրույց ունենալու այն մասին, թե նրանք ինչպես են տառապել, իսկ այստեղ նույնիսկ չգիտեն, թե քանի հայ է եղել ճամբարներում։ Իսկ ես ասում եմ, հարյուրավոր հայեր են եղել կոմունիստական համակենտրոնացման ճամբարներում, քրեական ճամբարներում եւ հոգեբուժարաններում։ Հայերն այնքան շատ էին, որ նրանց մի մասին ուղարկում էին քրեական ճամբարներ։ Ինչո՞ւ։ Արևմուտքում որոշ պետություններ, որոնք շահագրգռված էին քաղբանտարկյալների մասին խոսել, ցուցակներ էին կազմում, որպեսզի այնտեղ հստակ պատկերացում ու թվեր չունենային, թե որքան հայեր կային և ինչ տոկոսային հարաբերություն կա նրանց և ասենք, էստոնացիների կամ լիտվացիների կամ թեկուզ ռուսների միջև, հայերից շատերին պահում էին ոչ թե քաղաքական, այլ քրեական ճամբարներում։ Օրինակ, հատուկ ռեժիմի ճամբարում, վերջին տարիներին, երբ ես էի այնտեղ, ընդամենը երկու ռուս կար։ Մեկը մոնարխիստ էր, իսկ մյուսն ասում էր, որ ինքը դեմոկրատ է։
Ինչու եմ ասում ասում էր, որովհետեւ, մենք տարբեր խցերում էինք, և ես նրան չէի ճանաչում, իսկ մյուսը հայտնի մոնարխիստ էր։ Հսկայական Ռուսաստանից երկու հոգի և փոքրիկ Հայաստանից երկու հոգի։ Դե հաշվեք տոկոսային հարաբերությունը։ Ես կրկնում և շեշտում եմ, որ այսօր չտեսնելու տալ նախկին հայ քաղկալանավորներին, նշանակում է վիրավորել հայ ժողովրդին և արհեստականորեն նսեմացնել այն հզոր պայքարն ու այն հսկայական ներդրումը, որ դրել է հայ ժողովուրդը բռնապետության դեմ ուղղված անհավասար պայքարի զոհասեղանին։
Ա.Դ. – Մեզ հայտնի հայ քաղբանտարկյալներից ովքե՞ր են եղել քրեական ճամբարներում։
Ա.Ն. – Շատերը։ Ձեզ հայտնիներից օրինակ՝ Շահեն Հարությունյանը (վերջին իր բանտարկությունը), Քաջիկ Սահակյանը (զոհվեց հյուծախտից ազատվելուց հետո), էդուարդ Հարությունյանը (զոհվեց «էտապի» ժամանակ), Հայկազուն Խաչատրյանը (իհարկե, պաշտոնական շրջանակներում կարող են ժխտել, ասելով, որ վերջին շարժառիթն այլ էր, բայց բոլորիս համար էլ պարզ է, որ ԱՄԿ-ի հիմնադիր-ղեկավար Հայկազուն Խաչատրյանը, պետք է պատժվեր ԱՄԿ-ական Ստեփան Զատիկյանի դատավարության կապակցությամբ), Անահիտ Կարապետյանը, Նորիկ և Սամվել Մարտիրոսյան եղբայրները, Հակոբջան Թադևոսյանը, էդուարդ Ալեքսանյանը, և շատ-շատերը, չհաշված այն հայերին, որոնք բռնության էին ենթարկվել, ոչ ազգային-քաղաքական, այլ կրոնական շարժառիթներով (կրիշնայականներ և այլն)։ Ես նրանց մասին դիտմամբ չեմ խոսում, որովհետև ինքս ազգայնական եմ, և ապազգային ամեն մի շարժում ժխտում եմ, իմ վերաբերմունքր նրանց նկատմամբ լոյալ չէ։ Ես լոյալ չեմ։ Ուղղակի այսօր չկան լայն քարոզչական հնարավորություններ, որ այդ մարդկանց, որոնք ապազգային կողմնորոշում են ընդունել, դարձի բերենք։ Եթե վաղը լինեն այդ հնարավորությունները (ես, իհարկե նկատի չունեմ բռնությունը), ինձ թվում է, որ մենք նրանց դարձի կբերենք։ Նախ և առաջ պետք է, որ մեր Եկեղեցին ետ բերի կամ ձեռք բերի իր երբեմնի հեղինակությունը։ Հայ եկեղեցուց դուրս ամեն մի դավանանք ու վարդապետաթյուն ինձ համար ժխտելի է և անընդունելի, այլ բան է «Ցեղակրոնը»։
Սովորելու մասին կավելացնեի մի կարևոր դրույթ։ Այն բռնությունը, որ կիրառվում էր մեր դեմ, շատ ավելի ուժեղ էր, քան այն տեսական հակասությունները, որ կային մեր միջև։ Հիմնականում սովորում էինք թշնամուց, որովհետեւ նա էր մեզ այդտեղ միավորել։ Սովորելու մասին ընդհանուր գծերով այսքանը։
Ա.Դ. – Դուք Ձեր խոսքի մեջ ասացիք, որ հայերից շատ բան են սովորել։ Եթե կարելի է ավելի մանրամասն։
Ա.Ն. – Խնդրեմ։ Ես արդեն ասացի, որ այնտեղ հայերի հիմնական մասը ԱՄԿ– ականներ էին, այլազգի դատապարտվածները գալիս էին, հարց ու փորձ էին անում, զարմանամ էին ոչ միայն այն պատճառով, որ ԱՄԿ-ն Միության առաջին և այն ժամանակվա միակ կասակցությունն էր, այլև, զարմանամ էին այն պատճառով, որ մինչև բռնվելը մենք կարողացել էինք այդքան գործ կատարել, որ ամեն մի հայ իր գործունեությունն սկսելուց մինչև վերջին՝ բռնվելու պահը այդքան շատ գործնական դրվագներ ունի։ Այս բոլորը հնարավոր էր դարձել ԱՄԿ-ի գաղտնապահական համակարգի և կազմակերպական ուժեղ կառույցի շնորհիվ։ Զարմանում էին, որովհետեւ այնտեղ մւսրդիկ կային, որոնք դատապարտվել էին ընդամենը մեկ բառ արտասանելու, մեկ հոդված գրելու համար կամ ուզեցել էին կազմակերպություն ստեղծել, բայց դեռ չստեղծած՝ բռնվել էին կամ ստեղծել էին, բայց շատ քիչ գործ էին հասցրել անել։ Ընդհանրապես, քաղբանտարկյալների համար հոգեբանորեն շատ ծանր է ոչինչ չարած ձերբակալվելը։ Օրինակ, ռուս մոնարխիստները տեսականորեն ստեղծել էին իրենց կազմակերպության կառույցը, բայց չէին հասցրել իրականացնել, և երբ մենք պաւոմամ Էինք, նրանք իսկապես շատ էին զարմանում։
Քանի որ իմ այս հարցազրույցն ակնկալություն ունի տպագրվելու պաշտոնական մամուլում, ես ուզում եմ մի պարզաբանում մտցնել։ Ես այս բոլորը եթե ասում եմ, սրանից ամենևին էլ չի բխում, թե մյուս հանրապետություններում ՊԱԿ֊ը լավ է աշխատել, իսկ Հայաստանի ՊԱԿ-ը՝ վատ։ Ոչ։ Շատ էլ լավ է աշխատել, և ես նպատակ չունեմ հետին թվով «հաշվեհարդար» տեսնելու։ Ես նույնիսկ հիշում եմ, որ 1969 թվականին մի գնդապետ ինձ ասաց, որ ՀՍՀ Պետանվտանգության կոմիտեն լավ աշխատանքի համար պարգևատրվել է, հիմա չեմ հիշում մրցանակով, թե՛ փոխանցիկ դրոշով։ Ես չեմ կասկածում, որ լավ էին աշխատում։ Խոսքը բռնելու քանակին չի վերաբերվում, այլ աշխատանքի որակին։
ԱՄԿ-ի գործունեությունը ծանրանամ էր նաև նրանով, որ ինչպես արդեն ասացի, Միության միակ հակադիր կուսակցությունն էր, և բոլորի ուշադրությունը մեզ վրա էր։ Համարյա չկար մի տարի, որ ԱՄԿ-ական չդատապարտվեր, բայց ԱՄԿ-ն արդեն կենսունակ և գործող օրգանիզմ էր, որը տարեցտարի համալրում էր ոչ միայն ճամբարականների, այլև այստեղ՝ Հայաստանում գործողների շարքերը։ Թող սա արտառոց չթվա, բայց մենք պաշտոնապես ճանաչված կազմակերպություն էինք։ 1981 թվականին մեր դատավարության ժամանակ դատավորն ասաց, կարծեմ, դա դատավճռում էլ կա, որ «Ազգային Միացյալ Կուսակցությունը Հայկական ԽՍՀ գերագույն դատարանի կողմից ճանաչված է որպես հակասովետական»։ Թեկուզ «հակասովետական» պիտակով, բայց մենք ճանաչված էինք ոչ թե որպես առանձին տաքգլուխներ, այլ որպես քաղաքական կազմակերպություն։ Ես ասում եմ «պիտակ», որովհետև մենք և դատարանում, և դիմումներով, և ծրագրային փոփոխություններով հակասովետիզմից հրաժարվել էինք դեռևս 1974 թվականից։ Թե ինչու էինք մենք հրաժարվել հակասովետիզմից և ինչու, այնուամենայնիվ, մեզ բոլոր ժամանակներում համառորեն դատում էին իբրև հակասովետականների, դա արդեն առանձին խոսելու նյութ է, եթե իհարկե, Ձեզ կհետաքրքրի։
Ա.Դ. – Կարծում եմ. որ մեր ընթերցոդներին շատ կհետաքրքրի։ Հենց այդ մասին էլ խոսենք։
Ա.Ն. – Մենք ասում էինք, որ հայ ժողովուրդը, ինչպես նաև Միության բոլոր հանրապետությունների ժողովուրդները, ունեն իրենց հայրենիքն անկախացնելու սահմանադրական իրավունք, և մենք ուզում ենք իրականացնել այդ իրավունքը։ Դա մեր համոզմունքն է և մենք ուզում ենք, որ Հայաստանն անկախ լինի։ Հայ ժոդովուրդը միշտ էլ պայքարել է իր ազատության համար, անկախ այն բանից գաղութարարները սահմանադրություն, ընդհանրապես, ունեցե՞լ են, թե ոչ։ Ես ուզում եմ ասել, որ եթե սահմանադրության մեջ անկախանալու մասին հոդված չլիներ, մենք միևնույն է պայքարելու էինք, բայց քանի որ կար, մենք բարոյական իրավունք չունեինք նրանց թույլ կետին չխփելու։ Ես հիշում եմ, երբ մեզ առաջին անգամ դատում էին, դատավորը հարց տվեց. «Իսկ դուք հակասովետական ի՞նչ շարժառիթներով եք դա անում»։ Մեր տղաներից մեկը, կարծեմ Պարույրն էր, ասաց. «Ես ինձ նվաստ կզգայի, եթե սոցիալական դրդապատճառներով պայքարի ելնեի»։ «Հակասովետական պայքար» արտահայտությունը, վերջին հաշվով, նշանակում է սոցիալական պայքար։ Դա նշանակում է, որ դու պայքարում ես տիրող կարգերի դեմ, տնտեսակարգի դեմ, իշխող կուսակցության և նրա գաղափարախոսության դեմ։ Բայց չէ՞ որ այդ բոլորը, վերջիվերջո սոցիալական դժգոհությունից ծնված պայքար կարող է լինել միայն, իսկ մեր պայքարը ազգային-ազատագրական է և ոչ երբեք սոցիալական։ Մենք ասում էինք, որ եթե հայ ժողովուրդը անկախ պետականության պայմաններում ընտրի սովետական կարգեր, կոմունիստական միակուսակցականություն, թող ընտրի։ Մենք իրավակարգի դեմ դուրս չենք եկել, այլ ազգային ճնշման։ Մենք չենք ասում համակարգը լավն է, թե վատը, մենք ասում ենք, որ չենք ուզում ապրել կայսրության մեջ։ Ինչու՞ 1974-ին տեղի ունեցան այդ ծրագրային փոփոխխությունները։ Որովհետև այդ տխրահռչակ 65-րդ հոդվածը, արհեստականորեն ստեղծում էր ջրապտույտ տեղում, և պայքարի շղթան փակվում էր։ Երբ ԱՄԿ-ն ստեղծվեց, սկզբնական շրջանում մենք կոմկուսը որակեցինք, որպես բռնություն գործադրող կուսակցություն, ամբողջ խորհրդային իշխանությունը մենք հռչակեցինք կարմիր տեռոր անող իշխանություն։ Այդ ժամանակ մեզ մեղադրեցին հակասովետիզմի մեջ։
Հիմա պատկերացրեք մի այսպիսի հեռակա երկխոսություն։
ՆՐԱՆՔ – Դուք հակասովետական եք։
ՄԵՆՔ – 37 թիվը դուք եք սարքել։
ՆՐԱՆՔ – Դուք հակասովետւսկան բաներ եք ասում։
ՄԵՆՔ ֊ Դուք չանեիք, մենք էլ չանեինք։
ՆՐԱՆՔ ֊ Դուք ասում եք, մենք էլ դատում ենք։
ՄԵՆՔ – Դուք չանեիք, որ մենք չասեինք, որ մեզ չդատեիք։
Այսպես կարելի է հանգել հավի և ձվի ծագումնաբանությանը։ Աբսուրդի հասնող այս շրջապտույտից դուրս գալու, մաքուր ազգային շարժում տանելու միակ ճանապարհը հակասովետիզմից և մեր սկզբնական շրջանի դիրքորոշումից հրաժարվելն էր, ինչը, որ արվեց 1974 թվականին, և անկախության պայքարը դրվեց սահմանադրական հիմքերի վրա։ Մենք արդեն չէինք ասում. «Քանի որ դուք վատն եք, մենք դուրս ենք գալիս», բայց նաև չէինք ասում. «Թեև դուք լավն եք, բայց մենք դուրս ենք գալիս»։ Մենք ասում էինք այսպես. «Դուք լավն եք, թե վատը, դա մեր գործը չէ, դա ձեր պրոբլեմն է, քարը ձեր գլուխը, մենք դուրս ենք գալիս»։ Թող ոչ ոք չմտածի, որ մենք այնքան միամիտ էինք, որ մտածում էինք , որ եթե մենք հրաժարվենք հակասովետիզմից, մեզ անկախություն կտան, կամ այլևս չեն դատի 65-րդ հոդվածով։ Ոչ։ Հայաստանը չանկախացավ, մեզ էլ շարունակեցին դատել, որպես հակասովետական ագիտացիա անողների, բայց մենք դրանով ստիպեցինք, որ հայ ժողովրդի աչքի առջև, օրը ցերեկով նրանք խախտեն իրենց իսկ ձեռքով գրված օրենքները։ Եթե սովետական համարենք օրենքները և ոչ թե պրակտիկան, ուրեմն այսօր մենք ոչ միայն բարոյական այլև իրավական հիմք ունենք նրանց ասելու. «Ամենահակասովետականը դուք եք, որովհետև, դուք անընդհատ խախտում եք ձեր իսկ սահմանադրությունը, դուք անընդհատ ոտնահարում եք ձեր հիմնական օրենքը, դուք անընդհատ շեղվում եք ձեր քրեական օրենսգրքից և ինձ բռնություն մեջ պահելով, կամ Պարույր Հայրիկյանին արտաքսելով՝ դուք անընդհատ, ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե կատարում եք ամենամեծ հակասովետական պրոպագանդան»։ Որպեսզի ասածներս օդի մեջ չհնչեն, բերեմ կոնկրետ մի օրինակ։ 1981 թվականի դատավարության ժամանակ դատախազն ինձ հարց է տալիս. «Ինչու՞ եք ուզում, որ Հայաստանն անկախանա։ Օրինակ, ի՞նչն է վատ այս երկրում»։ Ես անմիջապես ըմբռնում եմ հարցի էությունն ու նպատակը։ Հարցի նպատակն այն է, որ ես ինչ-որ վատ բան ասեմ սովետական պետության հասցեին կամ ասեմ, որ այս համակարգը լավը չի, մենք մերն ենք ուզում ունենալ և այլն։ Դատախազին դա պետք է, որպեսզի կարողանա ինձ ներքաշել «հակասովետական պրոպագանդա և ագիտացիա» հոդվածի շրջանակների մեջ, իսկ ես պատասխանում եմ. «Գիտեք ինչ, անկախ այն բանից այս երկիրը լավն է, թե վատը ես ունեմ համոզմունք։ Ես ուզում եմ, որ Հայաստանը լինի անկախ պետություն, որպեսզի կարողանա իր բոլոր ազգային հարցերը պետական մակարդակով բարձրացնել միջազգային ատյաններում և հնարավորություն ունենա ստեղծելու դրանք լուծելու պայմանները։ Խոսքը միայն այդ մասին է, իսկ դուք հիմա պրովոկացիոն հարց եք տալիս, որ ես այստեղ անհարգալից մի արտահայտություն անեմ երկրի հասցեին, դուք էլ ինձ, որպես հակասովետականի դատեք»։
Ա.Դ. – Մենք գիտենք, որ քաղբանտարկյալները նույնիսկ ճամբարում շարունակում էին իրենց պայքարն ու գործունեությունը։ Խնդրում եմ, պատմեք, թե ինչպես էր դա իրականացվում։
Ա.Ն. – Քաղճամբարներում ընդունված էր ամեն տարի սեփական դատավճռի օրը հացադուլ հայտարարել՝ ի նշան բողոքի։ Դրա իմաստն այն է, որ քո անհամաձայնությունն ու զայրույթն ես արտահայտում քո ազատազրկման առթիվ և քեզ մեղավոր-հանցագործ չես ճանաչում։ Իհարկե, բոլոր կալանվորները չէ, որ ամեն տարի իրենց դատավճռի օրը «ապստամբում էին», բայց դա ընդունված բան էր և շատերն էին անում։ Տարբեր առիթներով առանձին հացադուլների մասին ես չեմ ուզում խոսել։ Միայն ասեմ, որ մենք՝ հայերս, կազմակերպված ձևով հացադուլ էինք հայտարարում հայկական Ամանորի՝ Նավասարդի օրը, օգոստոսի 11-ին՝ դա համերաշխության օրն էր։ Այսինքն բոլոր դատապարտված ԱՄԿ-ականները տարբեր ճամբարներում, ամբողջ երկրով մեկ նույն օրը հացադուլ էին հայտարարում և հոգով միասնական էին։ Ասենք, մի հայ, որ բանտարկված էր Պերմի բանտում, գիտեր, որ հարյուրավոր կիլոմետրեր հեռու մի ուրիշ հայ, ասենք, Մորդովիայում նույնպես իր նման և իր հետ «Նոր տարի» է նշում։ Այսպիսի համընդհանուր հացադուլ («համընդհանուր» բառը հասկանալի է, որ պետք է տարածել միայն ԱՄԿ-ական քաղկալանավորների վրա) հայտարարվում էր ամեն տարի ապրիլի 24-ին, որովհետև այդ օրը սուգ ու շիվանի օր չէ։ Ապրիլի 24-ը պայքարի օր է։ Նոյեմբերի 29-ը դիմավորում էինք սգո հացադուլով։
Իմիջիայլոց, երբ ասում եմ, որ հայերից շատ բան են սովորել, մեր ազգային սնապարծությունը շոյելու համար չէ, որ ասում եմ։ Այսօր, մենք հպարտ ենք, որ ԽՍՀՄ-ի ճամբարներում չի եղել ագգությամբ հայ ոչ մի (բանտային ժարգոնով ծախված, մատնիչ)։ Հայի բերանից բառ դուրս կորզելը անհնար բան էր։ Հայերը լուռ էին ինչպես պատ և անսասան էին ինչպես պատ։ Եվ իբրև այս փաստերի օրինաչափ շարունակություն, և կալանավորների, և բանտերի վարչությունների լեքսիկոնում նույնիսկ մշակվել էր հատուկ տերմին «Հայկական պատ»․․․
Եվ եթե մենք այսօր ասում ենք «անկախություն», դրա պատճառր միայն այն չէ, որ մենք բարոյական, իրավական և պատմական հիմքեր ունենք դրա համար, այլև այն է, որ դրա համար կան խիստ հոգեբանական հիմքեր։ Օրինակ՝ ի՞նչ երաշխիք կա, որ վաղը չի գա մի նոր Ստալին կամ ավելի վատ ճիվաղ և նորից չի մասնատի այս բզկտված Հայաստանի վերջին հողակտորը կամ չի դատարկի Սևանա լիճը, և կամ հայ ժողովրդին չի աքսորի Ուրալից այն կողմ։ ճառային խոստումները երբեք և ոչ մի ազգի համար, առավելևս՝ հայ ազգի համար, երաշխիք չեն եղել։ Եթե չկան երաշխիքներ, ուրեմն մենք պետք է դուրս գանք և փրկվենք կայսերապաշտ ուռկանի մեջ թփրտալու հեռանկարից։ Իմիջիայլոց, դրա նշանները մեզ բացահայտորեն ցույց են տալիս այսօր։
Դեռ երեկ հայ ժողովրդի մեծ մասը անկախանալու գաղափարը անհեթեթ էր համարում։ Նույնիսկ 1988-ի ւիետրվարին, երբ ինձ ասացին, որ ես պետք է բարձրանամ հարթակ և խոսեմ, ես մտածեցի, որ ինձ կարող են ճիշտ չհասկանալ, որովհետև 70 տարի տեղի է ունեցել այս մարդկանց ուղեղների լվացում։ Ես այդպես էլ պատասխանեցի. «Ես արդեն ունեմ «հակասովետականի» պիտակ։ Այս ժողովուրդն ինձ ինչպե՞ս պիտի ընկալի»։ Ես այն ժամանակ հիմքեր ունեի մտահոգության համար, որովհետև կրկնում եմ, դեռևս 1988-ի փետրվարն էր, և ժողովուրդը նույնիսկ վախենում էր մեր սուրբ Եռագույնը պարզել՝ միամտորեն կարծելով, թե դա կարող է խանգարել Արցախի հարցի դրական լուծմանը։ Իշխանությունները շատ էին ինքնավստահ՝ կարծելով, որ արդեն հասցրել են ամորձատել մի ամբողջ ժողովրդի, որը մուրճ ու մանգաղով դրոշից բացի ուրիշ ոչ մի բան չի տեսել չի ուզում և չի ուզելու։ Ցավով պետք է ասեմ, որ հոգեբանական ստրկությունից ժողովրդին ազատագրելու գործում մեր պաշտոնական մտավորականությունը ոչինչ չարեց։ Ես գիտեմ, որ իմ այս հայտարարությամբ մեծ հարված եմ ընդունում ինձ վրա, բայց ես դիտավորյալ եմ դա անում։ Ես դիտմամբ բզբզում եմ։ Գուցե ես է՞լ եմ պրովոկատոր։
Ա.Դ. – Ձայներիզն արդեն վերջանում է։ Ինչո՞վ կցանկանայիք ամփոփել ձեր խոսքը։
Ա.Ն. – Պայքար հանուն անկախության։ Մենք ուրիշ ուղի չունենք։
Այլապես մենք ինքներս մեզ կխաբենք և կփչանանք որպես ժողովուրդ։ Եթե նույնիսկ այսօր դա անիրականանալի է, եթե նույնիսկ մոտակա ժամանակներում մենք չկարողանանք հասնել անկախության, գոնե մենք կշտկվենք որպես ազգ, այլևս կդադարենք ստրուկ լինելուց։ Մենք կլինենք հոգեբանորեն ազատ, բայց ժամանակավորապես գերված ազզ։ Մենք այն գիտակցությունը կունենանք, որ պետք է տերը լինենք մեր աշխատանքի, մեր հացի, մեր զենքի, մեր մշակույթի ու լեզվի, մեր գիտության։ Մի խոսքով, մեր տան տերը լինելու գիտակցությունը կվերականգնենք, կդառնանք նորմալ ազգ, որը կանգնած է սեփական գաղափարախոսության արմատների վրա, իսկ այսօր մենք և գերի ենք, և ստրուկ։
Ամփոփելու մասին ձեր խոսքերն ինձ հիշեցրին մի դեպք։ 1974 թվականին, երբ ինձ ՊԱԿ-ի մեկուսարանից տարան Սահակյան Քաջիկի դատավարությանը, որպես վկա, վերջում դատավորը հարցրեց.
– Լրացումներ ունե՞ք։
֊ Այո, ունեմ։ Կեցցե՜ Ազատ ու Անկախ Հայաստանը։

