Ռուսաստանի և ԵԱՏՄ երկրների միջև առևտրաշրջանառությունը 2015 թվականից ի վեր կրկնապատկվել է
Ռուսաստանի փոխադարձ առևտրաշրջանառությունը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների հետ 2015-2024 թվականներին ավելի քան կրկնապատկվել է: Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ –ը, հայտարարել է ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Գենադի Գատիլովը։
«2015-2024 թվականներին Ռուսաստանի փոխադարձ առևտրաշրջանառությունը միության երկրների հետ ավելի քան կրկնապատկվել է, և Ռուսաստանի ընդհանուր արտաքին առևտրում նրա բաժինը 8.2%-ից աճել է մինչև 13.2%», -նշել է նա՝ ելույթ ունենալով Ժնևում գտնվող ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայացած կլոր սեղանի ժամանակ, որը նվիրված էր ԵԱՏՄ-ի գոյության տասը տարվա ընթացքում գործընկերության արդյունքներին և հեռանկարներին։
Դիվանագետի խոսքով՝ Ռուսաստանի առևտրային կառուցվածքում աճել է նաև այն երկրների մասնաբաժինը, որոնց հետ ԵԱՏՄ անդամ պետություններն առևտրային համաձայնագրեր ունեն։ 2015 թվականին այս մասնաբաժինը կազմել է 13.9%, մինչդեռ 2023 թվականին այն աճել է մինչև 36.3%։ «Մասնավորապես՝ Չինաստանի հետ առևտրաշրջանառությունն աճել է 3.6 անգամ, Իրանի հետ՝ 3.2, Վիետնամի հետ՝ 1.3, իսկ Սերբիայի հետ՝ 1.4 անգամ», – բացատրել է Գատիլովը։

