Հանրային մեղադրողը միջնորդեց մեղավոր ճանաչել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում շարունակվում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական նիստը։ Եզրափակիչ ելույթով հանդես եկող հանրային մեղադրողը միջնորդեց մեղավոր ճանաչել Միքայել Սրբազանին։

Իր եզրափակիչ ելույթում դատախազ Վահան Հարությունյանը մեջբերեց հատվածներ Միքայել Սրբազանի՝ լրատվամիջոցներին տված հարցազրույցներից։ Դատարանը գնաց ընդմիջման։

Նշենք, որ դատարանն ընդամենը 20 օրում ավարտել է հիմնական դատալսումների փուլը, և այժմ գործը ավարտական փուլում է։

Դատալեքսում հրապարակված մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության համաձայն. «Գևորգ /Միքայել/ Արտաշեսի Աջապահյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ունենալով արքեպիսկոպոսի հոգևոր աստիճան և հանդիսանալով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը, պարբերաբար հրապարակային ելույթներով հանդես գալով զանգվածային լրատվության միջոցներով, ունենալով մեծ թվով հետևորդներ և հետևաբար նաև՝ իր խոսքով հասարակության անդամների վարքագիծն ուղղորդելու զգալի հնարավորություն, համաձայն չլինելով ներքին և արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումների օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները, նախ՝ 2024 թվականի փետրվարի 3-ին՝ ապա նաև՝ 2025թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր»։