Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը շատ ավելի լայն աշխարհաքաղաքական պրոցեսների ազդեցության գոտում գտնվող հարց է

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է․

Կիլիկիո Կաթողիկոսարանը հայտնում է Արամ Առաջին Վեհափառի գահակալության 30-ամյակի կապակցությամբ Համայն ռուսիո Պատրիարք Կիրիլից ստացված շնորհավորական հատուկ նամակի մասին: Նամակում Պատիրարք Կիրիլը բնականաբար բարձր է գնահատում Արամ Առաջինի դերը թե հայ եկեղեցու կենսագործունեության, թե նաև միջազգային եկեղեցական ասպարեզում:
Հիշեցնեմ, որ Արամ Առաջինը Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահն է:
Պատրիարք Կիրիլի շնորհավորական նամակը հատկապես այս փուլում, երբ Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ծավալվում են պատմական նշանակության դրամատիկ զարգացումներ, թերևս առաջացնում է տարբեր ընկալումներ:
Պատրիարք Կիրիլի հատուկ շնորհավորական նամակը բացի շնորհավորանքից պարունակե՞լ է նաև այլ ասպեկտներ կամ տողեր, գուցե տողատակեր, հնարավոր է ասել միայն այդ նամակին մանրամասն ծանոթ լինելու դեպքում:
Սակայն դրա հավանականությունն իհարկե շատ մեծ է: Այդ եզրակացության որոշակի նախադրյալներից մեկը կարելի է համարել դեռևս մայիսին տեղի ունեցած մի ուշագրավ իրադարձություն, որը հայաստանյան մեդիամիջավայրում ուշադրության արժանացել է թերևս միայն իմ տելեգրամյան ալիքում: Խոսքը մայիսի 12-ին Անթիլիասում կայացած մի հետաքրքիր հանդիպման https://t.me/badalyanrakurs/2696  մասին է: Այդ գրառումս հիշեցնում եմ վերևում:
Մայիսի 12-ին Արամ Առաջինի հյուրն էին Լիբանանում ՌԴ դեսպանը, ու ինչը առավել ուշագրավ է՝ Սիրիայում ռուսական համայնքի ղեկավար Հայր Ֆիլիպը:
Իսկ Անթիլիասում այդ հանդիպումը տեղի ունեցավ Պատրիարք Կիրիլի Բաքու կատարած այցից մի քանի օր անց: Կիրիլի այցը Բաքու մայիսի 3-ին էր: Հիշեցնեմ, այնտեղ նա պարգևատրել էր նաև Մեհրիբան Ալիևային:
Կրկնում եմ տեսակետս, որ Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը շատ ավելի լայն աշխարհաքաղաքական պրոցեսների ազդեցության գոտում գտնվող հարց է, որտեղ ըստ իս էական նշանակություն ունի այն պատմաքաղաքական տրամաբանությամբ ներկայությունը, որ Հայ Առաքելական եկեղեցին ունի մերձավորարևելյան ռեգիոնում: