ՀԷՑ-ի բոլոր աշխատակիցներն ստանում են բժշկական ապահովագրություն
«Այսօր ՀԷՑ-ն իր ֆեյսբուքյան էջում տարածել է գրառում, որ անխտիր բոլոր աշխատակիցներն ստանում են բժշկական ապահովագրություն։
«Հայաստանի էլեկտրական ցանցերը» հավատարիմ մնալով կորպորատիվ կառավարման և սոցիալական պատասխանատվության իր սկզբունքներին, շարունակ ուշադրության կենտրոնում է պահում աշխատակիցների առողջության պահպանման հարցը։
Ուրախ ենք տեղեկացնել, որ հունիսի 10-ից սկսած անխտիր բոլոր աշխատակիցները ապահովված են համալիր բժշկական ապահովագրությամբ։ Կայացած մրցույթի արդյունքներով մեր գործընկերն է «Ինգո-Արմենիա» ( INGO ) ապահովագրական ընկերությունը, որի հետ կազմակերպվեցին նաև իրազեկման հանդիպումներ ընկերության բոլոր մասնաճյուղերում։
Աշխատակիցներն արդեն իսկ ակտիվորեն օգտվում են կանխարգելիչ ստուգումներից, ինչպես նաև մասնագիտացված ծառայություններից՝ ներառյալ ուռուցքաբանությունն ու սրտաբանությունը։ Սա փաստում է համակարգի պահանջվածությունը և արդյունավետությունը»։
Ծրագրի և օգտվելու կարգի մասին կպատմի հոլովակը։
Նշենք, որ երկրում ամենախոշոր գործատուներից մեկը, եթե ոչ ամենախոշորը, ունի շուրջ 6800 աշխատակից։ Ծրագիրն իրականացվել է Նարեկ Կարապետյանի նախաձեռնությամբ։
«Այս նախաձեռնությամբ ցանկանում ենք ընդգծել յուրաքանչյուր աշխատակցի առողջության կարևորությունը մեր ընկերության համար:
Ապահովագրության շնորհիվ կարող եք անցնել անվճար տարեկան կանխարգելիչ զննումներ, բժիշկների մոտ խորհրդատվություններ, նշանակված գործիքային և լաբորատոր հետազոտություններ, անհետաձգելի բուժօգնություն և ոչ պլանային վիրահատություններ, ձեռք բերել նշանակված դեղորայք: Պլանային և սրտանոթային վիչահատությունները ևս առանձին չափով կհատուցվեն»,- նշված է տնօրենների խորհրդի նախագահ Ն. Կ. Կարապետյանի ուղերձում։

