Անկարան հետևում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության բանակցությունների առաջընթացին. Էրդողան
Թուրքիան հետևում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության բանակցությունների ընթացքին և ակնկալում է համաձայնագրի ստորագրում, որը «բավարարում է Ադրբեջանի օրինական պահանջները»։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Լեռնային Ղարաբաղում անցկացվող Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և միջազգային հարցեր։
«Հանդիպման ընթացքում նախագահ Էրդողանը նշել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև համերաշխությունը օրինակելի է, և որ կարևոր է ընդլայնել և պահպանել երկու երկրների միջև համագործակցությունը էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում: Էրդողանը նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև համապարփակ խաղաղության բանակցությունների ընթացքին, և որ սպասվում է համաձայնագրի ստորագրում, որը կբավարարի Ադրբեջանի օրինական պահանջները», – հայտնում է աղբյուրը։

