Թրամփը ճգնաժամ է հրահրել և վատթարացնում է իրավիճակը Լոս Անջելեսում. Կալիֆորնիայի նահանգապետ
Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «ճգնաժամ է ստեղծել և ավելի է վատթարացնում իրավիճակը» Լոս Անջելեսում, որտեղ օրեր շարունակ բողոքի ցույցեր են տեղի ունենում միգրանտների զանգվածային արտաքսման դեմ:
Նահանգապետը նաև կոչ է արել ԱՄՆ նախագահին «հետ քաշվել»: Նյուսոմը նշել է, որ իրավախախտները կձերբակալվեն, և տեղական պաշտոնյաները պլանավորում են ապահովել խաղաղ ցուցարարների և օրենքի շրջանակներում գործող իրավապահ մարմինների աշխատակիցների անվտանգությունը։
«Ժողովրդավարությունը վտանգված է։ Դոնալդ Թրամփը ձեզ (իրավապահ մարմինների աշխատակիցներին ) օգտագործում է որպես պատրվակ՝ քաղաքը ռազմականացնելու և մեր ժողովրդավարությունը շրջանցելու համար։ Դոնալդ Թրամփը պետք է նահանջի», – սոցիալական ցանցերում գրել է նահանգապետը։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը Կալիֆորնիայի Ազգային գվարդիան ուղարկել էր Լոս Անջելես՝ բողոքի ցույցերը ճնշելու: Կալիֆորնիայի իշխանությունները մեղադրել էին ԱՄՆ նախագահի վարչակազմին «ներկայացում», «խելագարություն» բեմադրելու և սեփական քաղաքացիներին վախեցնելու փորձերի մեջ:
Լոս Անջելեսում ներգաղթյալների արտաքսման դեմ բողոքող ցուցարարները փակել են փողոցներ, հրավառ նյութեր կիրառել, այրել աղբամաններ և ծածանել մեքսիկական դրոշներ, ձերբակալվել է 40 մարդ, հայտնում է CNN-ը:

