Փաստաբանի մասնագիտական գործունեության նկատմամբ ոտնձգությունները շարունակվում են. Սիմոն Բաբայանի ահազանգը

Փաստաբանի մասնագիտական գործունեության նկատմամբ ոտնձգությունները շարունակվում են:

«Մալխասյանց» փաստաբանական գրասենյակի փաստաբանները 2025 թվականի մայիսի 30-ին ահազանգել են Փաստաբանների պալատ, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթով 2025 թվականի մայիսի 27-ին խուզարկություն է կատարվել իրենց աշխատավայրում, որի արդյունքում առգրավվել են չորս փաստաբանների աշխատանքային համակարգիչները, որոնք պարունակում են բազմաթիվ վստահորդների փաստաբանական գաղտնիքներ:

«Ընդ որում, փաստաբաններից մեկը նշված քրեական վարույթով, որի շրջանակներում կատարվել են նկարագրված գործողությունները, հանդիսանում է մեղադրյալի պաշտպանը: Այսինքն խուզարկությունը կատարվել է քրեական վարույթով պաշտպանի աշխատավայրում, և առգրավվել է նրա աշխատանքային համակարգիչը:

Կատարվածի շուրջ դատապարտող դիրքորոշում է ներկայացրել նաև Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը կոչ անելով քրեական վարույթն իրականացնող մարմնին զերծ մնալ փաստաբանական գաղտնիքի նկատմամբ ոտնձգություն ենթադրող ցանկացած գործողությունից:

Պետք է արձանագրել, որ փաստաբանների իրավունքները շարունակվում են խախտվել, իսկ փաստաբանի մասնագիտական գործունեության երաշխիքները ամրագրող օրենսդրական կարգավորումները գործնականում չեն պահպանվում:

Այս դեպքը ևս մեկ անգամ վկայում է, որ Փաստաբանի մասնագիտության պաշտպանության մասին կոնվենցիայի վավերացումը Հայաստանի կողմից օրհասական խնդիր է:

Կատարվածի շուրջ Փաստաբանների պալատը ձեռնարկում է փաստաբանների իրավունքների պաշտպանությանը ուղղված անհրաժեշտ գործողություններ, այդ թվում՝ միջազգային իրավասու հարթակներում»,-ասված է  ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանի տարածած հայտարարության մեջ։