Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են դատախազություն

Հունան Պողոսյանը Սյունիքի մարզպետի պաշտոնը զբաղեցրեց երկու տարի, հետո հրաժարականի դիմում ներկայացրեց։

Սյունիքի նախկին մարզպետ, ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Տեղեկությունը հրապարակվել է azdarar.am կայքում։

Վարչություն են հրավիրվել նաև նրա կինը` Նունե Պողոսյանը, և որդին` Հովհաննես Պողոսյանը, որպեսզի ծանոթանան գործի նյութերին և դիրքորոշում ներկայացնեն։

Այս պահին հայտնի չէ, թե դատախազությունն ինչ գույք է ուզում բռնագանձել։

Հիշեցնենք` Հունան Պողոսյանը 2010-2018-ի մայիսի 11-ը զբաղեցնում էր ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնը։

Նա Սյունիքի մարզպետ է նշանակվել 2018-ի հոկտեմբերի 16-ին, պաշտոնից հրաժարվելու դիմում է ներկայացրել 2020-ի դեկտեմբերի 1-ին։