Շաքարը և քաղցկեղը. ինչ պետք է իմանալ

Ուռուցքաբանության ֆրանսիական ինստիտուտ

Նախ՝ ինչո՞ւ մեր օրգանիզմը քաղցրի կարիք ունի և ո՞ր մթերքներից է դա ստանում։

Գլյուկոզան կյանքի վառելիքն է. Տարածված թյուր պատկերացում կա, թե շաքարը քաղցկեղ է առաջացնում կամ շաքարից քաղցկեղի ուռուցքն աճում է։ Եկեք հասկանանք, թե ինչ է շաքարը։ Շաքարը շատ տարբեր ձևեր ունի։ Ամենապարզ ձևերն են գլյուկոզան և ֆրուկտոզան, շաքարի այս զույգի մասին, հաստատ լսել եք։ Այս պարզ շաքարները կարող են միահյուսվել. գլյուկոզայի և ֆրուկտոզայի մեկական մոլեկուլները միասին կազմում են սախարոզա, որը որոշ ազգերի բառապաշարում հայտնի է սեղանի շաքար անվանումով։ Այս մոլեկուլների միացությունն ամենատարբեր շղթաներով կարող է բարդ շաքարներ կազմել, որոնք կոչվում են ածխաջրեր։ Դրանք մեր մարմնի համար էներգիայի հիմնական աղբյուրն են։Որքան երկարում են շաքարի մոլեկուլների շղթաները, այնքան շաքարը պակաս քաղցր է դառնում։ Այս շղթաները կոչվում են պոլիսախարիդներ և օսլա պարունակող մթերքների (բրինձ, հաց, մակարոն և կարտոֆիլ) հիմնական բաղադրանյութն են։Այսինքն, չնայած որոշ մթերքներ քաղցր չեն, նրանք նույնպես կարող են, արդեն՝ բարդ կառուցվածքով, շաքար պարունակել։ Իսկ մեր օրգանիզմը ունակ է քայքայելու դրանք և ստանալու գլյուկոզայի նման պարզ շաքարներ և դրանք գործածել որպես վառելանյութ։Մեր մարմինը կազմված է միլիոնավոր բջիջներից, և բջիջների յուրաքանչյուր տեսակ իր հատուկ աշխատանքն ունի՝ սկսած մկանային բջիջներից, որոնք մեզ օգնում են շարժվել, վերջացրած նյարդային բջիջներով, որոնք մեզ օգնում են զգալ։Չնայած նրանց աշխատանքը մեր մարմնում տարբեր է, նրանք մեկ ընդհանրություն, ամեն դեպքում, ունեն՝ ողջ մնալու և իրենց պարտականությունները կատարելու համար էներգիայի կարիք։ Նրանք իրենց էներգիան ստանում են ԱԵՖ կոչվող մոլեկուլից, որոնք նրանք սինթեզում են գլիկոլիզ կոչվող քիմիական բարդ պրոցեսում տրոհելով գլյուկոզան։ Այսինքն, գլյուկոզան մեր յուրաքանչյուր բջիջը լիցքավորող հիմնական հիմնական վառելիքն է։ Երբ մենք ուտում կամ խմում ենք մեծ քանակությամբ գլյուկոզա պարունակող նյութեր, գլյուկոզան՝ պատրաստ մեր բջիջների գործածությանը, ուղիղ է կլանում մեր արյունը։ Եթե ճաշացանկում կա օսլա պարունակող մթերք, ինչպիսին մակարոնեղենն է, ապա թքի և մարսողական հյութերի ֆերմենտները քայքայում են այն և վերածում գլյուկոզայի: Եվ եթե ինչ-ինչ պատճառներով մեր սննդակարգում ածխաջրեր չկան, բջիջները կարող են որպես ծայրահեղ միջոց ճարպի և սպիտակուցի մոլեկուլները վերածել գլյուկոզայի, քանի որ այն նրանց անհրաժեշտ է գոյատևելու համար:

Այստեղ են հանդիպում շաքարն ու քաղցկեղը, քանի որ քաղցկեղը բջիջների հիվանդություն է:

Շաքարն ու քաղցկեղը. Քաղցկեղի բջիջները սովորաբար արագ են աճում, բազմանում են բարձր տեմպերով, և դա շատ էներգիա է պահանջում: Դա նշանակում է, որ գլյուկոզայի մեծ կարիք ունեն: Ահա, այստեղ էլ ծագում է այն թյուր պատկերացումը, թե շաքարը սնուցում է քաղցկեղը, ու եթե քաղցկեղի բջիջները գլյուկոզայի կարիք ունեն, ապա մեր սննդակարգից շաքարավազի բացառումը կկանգնեցնի, նույնիսկ կկանխի քաղցկեղի զարգացումը, չէ՞: Ցավոք, դա այդքան պարզունակ չէ: Մեր բոլոր առողջ բջիջները նույնպես գլյուկոզայի կարիք ունեն, և մեր օրգանիզմին ոչ մի կերպ չենք կարող ստիպել, որ առողջ բջիջներին տա նրանց անհրաժեշտ գլյուկոզան, իսկ քաղցկեղի բջիջներին չտա: Քաղցկեղի բջիջները նույնպես շատ այլ սննդանյութերի կարիք ունեն, ինչպիսիք են ամինաթթուները և ճարպերը. միայն շաքարը չի, որի կարիքն ունեն նրանք: Ոչ մի ապացույց չկա, որ «առանց շաքարի» դիետան նվազեցնում է քաղցկեղով հիվանդանալու հնարավորությունը, կամ որ դա մեծացնում է քաղցկեղը հաղթահարելու հավանականությունը: Իսկ ածխաջրերը խիստ սահմանափակող դիետա պահելը՝ բացառելով մանրաթելերի և վիտամինների աղբյուր հանդիսացող սննդամթերքը, կարող է վերջնականապես վնասել առողջությունը: Սա հատկապես կարևոր է քաղցկեղ ունեցողների համար, քանի որ բուժման որոշ պրոցեսներ կարող են հանգեցնել քաշի կորստի և մեծ սթրեսի ենթարկել օրգանիզմը: Այսպիսով, սահմանափակող դիետաների պատճառով թերսնվելը կարող է խանգարել վերականգնվելուն կամ նույնիսկ կյանքի համար վտանգավոր լինել։

Ի՞նչն է հաստատ. Թեև չկա որևէ ապացույց, որ մեր սննդակարգում ածխաջրերի կրճատումը կնպաստի քաղցկեղի բուժմանը, շատ կարևոր մի հետազոտություն ցույց է տվել, որ քաղցկեղի բջիջների՝ էներգիա ստանալու ոչ ստանդարտ ձևը կարող է խթանել բուժման նոր մեթոդների հայտնաբերումը:

Դեռևս 1920-ականներին գիտնական Օտտո Վարբուրգը նկատել է, որ քաղցկեղի բջիջները գլյուկոզայից էներգիան նույն եղանակով չեն ստանում, ինչպես սովորական բջիջները:

Առողջ բջիջները մի շարք քիմիական ռեակցիաներ կատարում են բջջային փոքր «մարտկոցներում», որոնք կոչվում են միտոքոնդրիում: Վարբուրգի էֆեկտը, ինչպես այն անվանվեց, նկարագրում է, թե ինչպես են քաղցկեղի բջիջները շրջանցում իրենց «մարտկոցները»՝ էներգիան ավելի արագ արտադրելու համար: Էներգիա ստանալու այս դյուրանցումը կարող է քաղցկեղի որոշ տեսակների թույլ տեղը լինել: Նախ, դա նշանակում է, որ գիտնականները կարող են դեղամիջոցներ մշակել, որոնք անջատում են քաղցկեղի բջիջների էլեկտրակայանները, բայց առողջ բջիջների էներգաարտադրությանը չեն խանգարում: Գիտնականներն արդեն փորձարկում են այդպիսի միջոցների ստացումը:

Երկրորդ, քաղցկեղի բջիջներում ոչ կանոնավոր պրոցեսները կարող են նրանց պակաս հարմարվող դարձնել այլ սննդանյութերի, օրինակ՝ ամինաթթուների, պակասի հանդեպ: Այս հնարավոր խոցելիությունը նույնպես կարող է բուժման բանալի լինել: Բայց այս մոտեցումները դեռևս փորձնական են, և մենք դեռ չգիտենք՝ քաղցկեղի բջիջներին «սովի մատնող» բուժումներն անվտա՞նգ են, թե՞ արդյունավետ: Քաղցկեղ ունեցողները որևէ հիմք չունեն բուժման ընթացքում ինքնուրույն սահմանափակելու իրենց սննդակարգը: Ինչպես ասացինք, դա կարող է վտանգավոր լինել կյանքի համար:

Եթե շաքարը քաղցկեղ չի առաջացնում, ապա ինչու՞ անհանգստանալ. Եթե շաքարի սահմանափակումը չի կանխում կամ բուժում քաղցկեղը, այդ դեպքում, ինչու՞ ենք մենք խորհուրդ տալիս կրճատել շաքար պարունակող սննդամթերքի օգտագործումը։ Որովհետև անուղղակի կապ գոյություն ունի շաքարի գործածության և քաղցկեղի հնարավորության միջև։ Շաքար պարունակող մթերքի չարաշահումը նպաստում է քաշ հավաքելուն, իսկ գերքաշը կամ ճարպակալումը մեծացնում են քաղցկեղի 13 տեսակներով հիվանդանալու վտանգը։ Փաստորեն, գերքաշը կամ ճարպակալումը ծխելուց հետո քաղցկեղի առաջացման երկրորդ հիմնավոր պատճառն են։

Ինչպե՞ս կարող են գերքաշը կամ ճարպակալումը քաղցկեղ առաջացնել. Ճարպային բջիջները խթանում են բորբոքումների, հորմոնների ավելցուկի առաջացումը և բազմացման այլ գործոններ։ Բորբոքումները, հորմոնների ավելցուկը և բազմացմանը նպաստող մյուս գործոնները մեր բջիջներին ստիպում են ավելի արագ կիսվել։ Սա մեծացնում է քաղցկեղի բջիջների առաջացման վտանգը։ Սրանք էլ իրենց հերթին կարող են շարունակվել կիսվել և ուռուցք առաջացնել։

Ինչպե՞ս կարող ենք սահմանափակել մեր ուտելու շաքարի քանակը. Շաքար պարունակող մթերքները սովորաբար քաղցր են և պարունակում են ազատ շաքար: Մենք դա անվանում ենք ազատ շաքար, քանի որ սննդի բջիջներում չկան դրանք և ավելացվում են եփելիս կամ սննդամթերքի արտադրության մեջ: Ազատ շաքար է նաև հյութերի, մեղրի և օշարակների պարունակած շաքարը, քանի որ այդ մթերքների շաքարն իրենց բջիջներից դուրս է հանված: Այս շաքարը նույնը չէ, ինչ մրգերի և բանջարեղենի պարունակած բնական շաքարն է, որը դեռևս նանց բջիջների ներսում է։ Քանի որ այդ շաքարն «ազատ» չէ, մեզանից ավելի երկար ժամանակ է պահանջվում դա մարսելու համար։ Մենք ազա՛տ շաքարով ենք խիստ մտահոգ, երբ դա նպաստում է քաշի ավելացմանը։ Ձեր ընդունած ազատ շաքարի քանակը սահմանափակելու ամենահեշտ ձևը շաքար պարունակող ըմպելիքներից հրաժարվելն է։Շաքար պարունակող այլ այնպիսի մթերքներ, ինչպիսիք են՝ քաղցրավենիքը, շոկոլադը, թխվածքները, պետք է ուտել ոչ հաճախ, այսինքն, դրանք չպետք է մեր ամենօրյա կերակրացանկում զգալի տեղ ունենան։ Եվ չզարմանա՛ք՝ ծանոթանալով ազատ շաքար պարունակող սննդամթերքի հաջորդ խմբին։ Հացահատիկային որոշ բույսեր, պատրաստի կերակուրներ, մակարոնեղենն ու յոգուրտները կարող են անասելի մեծ քանակությամբ շաքար պարունակել։

Այս պատմությունը մեդալի նման երկու երես ունի։ Մի կողմից, շաքարն ինքնին չի կարող քաղցկեղ առաջացնել, և չկա (այս պահին) որևէ եղանակ, որով հնարավոր է գլյուկոզայից զրկել միայն քաղցկեղի բջիջներին՝ չվնասելով առողջ բջիջները։ Եվ չկա որևէ ապացույց, որ խիստ սահմանափակ ածխաջրերով սննդի ընդունումը կնվազեցնի ձեր քաղցկեղի ռիսկը կամ կնպաստի բուժմանը: Իրականում, հիվանդներին անհրաժեշտ է համապատասխան սննդակարգ, որը նրանց օրգանիզմին կօգնի հաղթահարել հիվանդությունը։ Սակայն շաքարով հարուստ սննդակարգը կարող է հանգեցնել քաշի ավելացմանը: Իսկ ավելորդ քաշը կամ գիրությունը մեծացնում են քաղցկեղի առնվազն 13 տեսակների առաջացման վտանգը: Վերն ասվածի իմաստն այն է, որ թեև շաքարի բացառումը չի կանխում քաղցկեղի առաջացումը, մենք կարող ենք նվազեցնել քաղցկեղի վտանգը՝ սահմանափակելով մեր սննդակարգում ազատ շաքարի քանակը, ինչը կնպաստի մարմնի առողջ քաշ ունենալուն: