Բաքվում 2020 թվականից գերության մեջ գտնվող շուրջ շուրջ 80 հայ ենթարկվել է բռնի անհետացումների. Սիրանուշ Սահակյան

«Գերիների խնդրին մենք երկու դիտանկյունից ենք մոտենում, որոնցից կարևորագույնը ազատ արձակման հարցն է, բայց մինչ այդ պահման պայմաններն են` պետք է նրանց իրավունքները հարգվեն։ Գերիների հիմնախնդիրը կապված է հենց բռնի անհետացման խնդրի հետ»,– Բաքվում պահվող հայ գերիների ու նրանց վերադարձի ուղիների» թեմայով պանելային քննարկմանն ասել է իրավապաշտպան, Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը։

«Մենք ունենք արձանագրված մի քանի տասնյակ դեպք, երբ մարդիկ սպանվել են հենց գերեվարման ընթացքում:

Գերիների հիմնախնդիրը էապես կապված է բռնի անհետացման խնդրի հետ, երբ թեև գերիների սպանված լինելու վերաբերյալ մենք ապացույցներ չունենք, բայց ունենք դեպքեր, երբ շուրջ 80 հայ ենթարկվել է բռնի անհետացումների:

Ներկայում պաշտոնական տվյալներով Բաքվում պահվում է 23 հայ, որոնցից 5-ը գերեվարվել են 2020 թվականին, իսկ մնացածը` 2023 թվականին։ 23 անձից 7-ի մասով արդեն իսկ դատավարություններն ավարտվել են, կան մեղադրական վճիռներ»,-ասել է Սիրանուշ Սահակյանը:

Նա նշել է, որ այս ժամանակահատվածում որևէ խոշտանգումների կանխարգելման անկախ մեխանիզմ հնարավորություն չի ունեցել մուտք գործել և տեսակցել Բաքվում պահվող հայերին ու օբյեկտիվ դիտանկյունից արձանագրել պահման պայմանները, ֆիզիկական կամ հոգեբանական վիճակը:

«Ինչ վերաբերում է ֆիզիկական, հոգեբանական բռնություններին, հայերի արժանապատվությունը վիրավորող, ստորացնող գործելակերպին, այս մասով մենք որևէ տեղաշարժ չենք դիտարկում, ավելին՝ որոշ զարգացումների ֆոնին կարող ենք տեսնել այդ դրսևորումների խստացում:

Հայերն Ադրբեջանի բանտերում եղել են և շարունակում են պահվել անմարդկային պայմաններում ու ենթարկվում են այնպիսի ճնշումների, որոնք որակվում են որպես խոշտանգում իրենց ինտենսիվությամբ ու պատճառված ցավի բնույթը գնահատելով»,- ասել է նա: