Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի իրավունքները պետք է պաշտպանվեն. Բետել

Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետելը ԵԽԽՎ նստաշրջանում անդրադարձել է Հարավային Կովկասին: Նա հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի իրավունքները պետք է պաշտպանվեն:

«Նրանց իրավունքները երաշխավորված են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով: Պետք է հարգվի նաևիրենց տներ անվտանգ վերադառնալու իրավունքը»,- շեշտել է Բետելը:

Նա նաև շնորհակալություն է հայտնել ԵԽ գլխավոր քարտուղարին այդ ուղղությամբ գործադրած ջանքերի համար։

ԵԽԽՎ-ում նաև կայացել է «ՄԻԵԴ վճիռների կատարումը» թեմայով քննարկումը: ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը հիշեցրել է, որ Իլհամ Ալիևը երեկ հայտարարել է, որ Ադրբեջանը մտադիր չէ կատարել ՄԻԵԴ-ի որոշումները:

«Արդյոք սա կարո՞ղ է ընդունելի լինել մեզ համար: Չկատարված վճիռները խաթարում են կոնվենցիոն համակարգի հեղինակությունն ու գործունեությունը: Հարկավոր է քայլեր ձեռնարկել վճիռների կատարման նոր մեխանիզմներ ներդնելու համար կամ դիտարկել պատժամիջոցների հնարավորությունը»,- ասել է Ջուլհակյանը:

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանն էլ հայտարարել է, որ «Իլհամ Ալիևն արդեն տասնյակ հազարավոր հայերի զրկել է իրենց իրավունքներից, խայտառակ դատավարություններ է անցկացնում հայ բանտարկյալների նկատմամբ, այժմ էլ Ադրբեջանի քաղաքացիներին է զրկում Ստրասբուրգում արդարադատության իրավունքից: