Իսրայելի ՊԲ-ն ցամաքային հարձակման է անցել Գազայի Ռաֆահ քաղաքում

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հրապարակել է նախազգուշացում Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի և հարակից տարածքների բնակիչներին՝ այդ գոտին լքելու անհրաժեշտության մասին:

Իսրայելի զինվորականները կոչ են արել պաղեստինցիներին տեղափոխվել Մուվասի ափամերձ հումանիտար գոտու վրանային ճամբարներ:

Նախօրեին ՑԱԽԱԼ-ը հայտնել էր Ռաֆահում ցամաքային գործողության մեկնարկի մասին: Իսրայելական զորքերը մտել են Ռաֆահի Ալ-Ջանինա թաղամաս, որտեղ ոչնչացրել են մի շարք օբյեկտներ, որոնք, նրանց համոզմամբ, օգտագործում էին ՀԱՄԱՍ-ի զինյալները:

Գործողությանը զուգահեռ՝ Իսրայելի բանակը և Իսրայելի անվտանգության ծառայությունը (Շաբակ) օդային հարվածներ են հասցնում ՀԱՄԱՍ-ի և «Իսլամական ջիհադի» զինյալների դիրքերին՝ Գազայի ողջ տարածքում: