Գյումրու ընտրություններում ընդդիմադիրներին ճնշելու համար ներգրավված են իրավապահներ․ ՊԶՄԿ

Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնը հայտնում է․

«ԱՀԱԶԱՆԳ․ Արձանագրում ենք Գյումրի համայնքի ավագանու ընտրություններին իրավապահ մարմինների ներգրավածությունը՝ ընդդիմադիր մրցակիցներին ճնշելու նպատակով:

Հայաստանի կոմունիստական կուսակցության թեկնածու Վարդան Ղուկասյանը և իր թիկնապահը՝ բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկվել քրեական ոստիկանության հատուկ ջոկատայինների կողմից:

«Իմ հզոր համայնք» կուսակցության թեկնածու Ռուբեն Մխիթարյանը հրավիրվել է Քննչական կոմիտե հարցաքննության, ինչի արդյունքում՝ վերջինս ստիպված է եղել ընդհատել նախընտրական քարոզչությունը Գյումրիում և մեկնել Երևան:

Քիչ առաջ Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ հետախուզական վարչության աշխատակիցները խուզարկություն են մեկնարկել «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի գրասենյակում և թեկնածուի՝ Արա Ոսկանյանի բնակարանում, գրասենյակի աշխատակիցներ են բերման ենթարվել Երևան և փաստաբանի մուտքը խոչընդոտում են վստահորդի մոտ։

Ընդգծենք, որ այս ուժն այսօր՝ մարտի 27-ին, նախատեսել էր աջակիների հավաք՝ նախընտրական քարոզչության շրջանակներում:

Իրավապահ մարմինները խուզարկություն են իրականացնում «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինիք գրասենյակներում։

Բացի այդ, ըստ մամուլի և քաղաքացիների ահազանգերի՝ ոստիկանության բաժիններ են հրավիրվում ընդդիրմադիր թեկնածուների աջակիցները:

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Սարիկ Մինասյանի եղբայր, Շիրակի մարզի ԱԱԾ վարչության պետն է, ով իր հերթին համակարգում է ընդդիրմադիր ուժերի թեկնածուների և աջակիցների նկատմամբ ճնշումները։

ՀՀ-ում ընտրություններն անցկացվում են ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա` գաղտնի քվեարկությամբ:

Եթե անգամ իրավապահ մարմինները հայտնաբերում են հանցագործության հատկանիշներ, նրանց միջամտությունը ՉՊԵՏՔ է պարունակի պատժիչ տարրեր և ներազդի կամ սահմանափակի ընտրություններին մասնակցող ուժի կամ գործչի քարոզչության վրա:

Ակնհայտ է, որ իրավապահ մարմինների բիրտ գործողություններն ու միջամտություններն ունենում են ընտրությանը մասնակցող ընդդիմադիր ուժերի նկատմամբ հակաքարոզչական ազդեցություն՝ ներազդելով քաղաքացիների հիմնարար ընտրական իրավունքի իրականացման վրա:

ՊԶՄԿ համահիմնադիր՝ Գոհար Մելոյան

Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի հետ համատեղ «Հայաքվե» դիտորդական առաքելություն»: