Եկել է շրջադարձային պահը․ ԱՄՆ դեսպան
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ասել է, որ «շրջադարձային պահ է եկել՝ մի կողմ թողնել տասնամյակներ տևած հակամարտությունը և աշխատել Հարավային Կովկասում տևական անվտանգություն ու տնտեսական բարգավաճում ապահովելու շուրջ»:
Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից հայտնել են, որ Քրիստինա Քվինը մարտի 25-ից 26-ը այցելել է Սյունիքի մարզ, որտեղ հանդիպումներ է ունեցել մարզպետի, տարբեր բնակավայրների ղեկավարների և տեղի բնակիչների հետ:
«Խոսելով սյունեցիների հետ՝ ես զգացի խաղաղության, կայունության ու բարեկեցության հանդեպ նրանց տածած հույսը», – ասել է Քրիստինա Քվինը։
Նա ողջունել է խաղաղության համաձայնագրի ուղղությամբ «վերջին շրջանի առաջընթացը»:
Դեսպանատան հաղորդագրության համաձայն՝ Գորիսում ԱՄՆ դեսպանը հանդիպել է նաև Եվրամիության դիտորդական առաքելության ներկայացուցիչներին՝ «անվտանգային իրավիճակի մասին հստակ գնահատականներ լսելու համար»:

