Բաքվում այսօր շարունակվել է Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարությունը
Այսօր Բաքվի ռազմական դատարանում շարունակվել է բռնազավթված Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարությունը։Վարդանյանը արդեն 22 օր հացադուլի մեջ է՝ ի նշան կեղծ դատավարության դեմ բողոքի:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, այսօր ցուցմունք է տվել «Ղարաբաղում բնակվող վկան», որը պատմել է, թե իբր «Ռուբեն Վարդանյանը Ստեփանակերտ է ժամանել 44-օրյա պատերազմից որոշ ժամանակ անց։ Չգիտեմ՝ նա Ռուսաստանից է եկել, թե մեկ այլ տեղից»։
Նրա դեմ շինծու գործը քննվում է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դեմ գործից առանձնացված, ինչի մասին նա խոսել է վերջին ձայնային ուղերձում։
Ադրբեջանը Վարդանյանին մեղադրում է «խոշտանգումների», «շահադիտական գործունեության», «պատերազմի օրենքների խախտման», «ահաբեկչության», «ահաբեկչության ֆինանսավորման» համար:
Շինծու դատավարության գործընթացը մեկնարկել էր հունվարի 17-ին:
Փետրվարի 26-ին Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը հայտարարել էր, որ նրա առողջությունը վտանգված է: Գենսերի մուտքը Ադրբեջան արգելվել է, ուստի նա կոչ էր արել միջազգային բոլոր կազմակերպություններին, որոնք հասանելիություն ունեն Ադրբեջանի բանտարկյալներին, Վարդանյանին այցելելու թույլտվություն ստանան:

