Լուռ ակցիա ՄԱԿ-ի գրասենյակի մոտ՝ գերիների վերադարձի պահանջով
ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ լուռ ակցիա է անցկացվում. մասնակիցները միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրում են Բաքվում ապօրինի պահվող հայ ռազմագերիներին ազատ արձակելու պահանջին։
Այսօր գերիների վերադարձի պահանջով ակցիաներ են անցկացվել ՀՀ արտաքին գործերի նախարարության և կառավարության շենքերի մոտ։
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:
Փետրվարի 19–ին Վարդանյանը հայտարարեց, որ հրաժարվում է մասնակցել դատավարություն կոչվող ֆարսին և հացադուլ է հայտարարում։ Դրանից հետո հայտնի դարձավ, որ նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է։

