Ռուբիոն հայտարարել է Ուկրաինայի հակամարտությունը լուծելու բանաձևի մասին

Միացյալ Նահանգները փետրվարի 24-ին ՄԱԿ-ի Գլխավոր նստաշրջանին կներկայացնի Ուկրաինայի հակամարտությունը լուծելու «պատմական բանաձևը»։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նա X սոցիալական ցանցում գրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավատարիմ է հակամարտությունը դադարեցնելուն։ «Երկուշաբթի օրը ԱՄՆ-ն պատմական բանաձև կառաջարկի ՄԱԿ-ին, որին պետք է աջակցեն ՄԱԿ-ի բոլոր անդամները»,- նշել է Ռուբիոն:

ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում տեղադրված հայտարարությունը նաև ընդգծում է, որ բանաձևը համապատասխանում է Թրամփի այն տեսակետին, որ ՄԱԿ-ը պետք է վերադառնա Կանոնադրության մեջ ամրագրված իր հիմնարար նպատակին՝ պահպանել միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը, այդ թվում՝ վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքը։

«Մենք հաստատապես հավատում ենք, որ այժմ ժամանակն է պարտավորվելու վերջ տալ պատերազմին, սա մեզ համար հնարավորություն է ստեղծում իրական խաղաղության հաստատման համար», – ընդգծված է հայտարարության մեջ։