Վրաստանը USAID-ին մեղադրում է ապակայունացնող կազմակերպություններին ֆինանսավորելու մեջ

Վրացական ոչ կառավարական կազմակերպությունները (ՀԿ-ները), որոնք հաճախ ֆինանսավորվում են Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից, մասնակցել են և շարունակում են մասնակցել երկրում իրավիճակն ապակայունացնելու փորձերում: Այս մասին լրագրողներին հայտնել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Վրաստանում կան ամենահարուստ հասարակական կազմակերպությունները, որոնք ուղղակիորեն օգտագործվել են Վրաստանում հեղափոխության համար: Այս գործընթացը շարունակվում է այսօր: Սա մի տեսակ շարունակությունն է այն գործընթացի, որը սկսվել է ավելի վաղ»,- ասել է Կոբախիձեն:

Որպես օրինակ՝ Վրաստանի կառավարության ղեկավարը բերել է ISFED ՀԿ-ն, որը նույնպես ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ կողմից։ Կոբախիձեն պնդում է, որ 2020 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ այս կազմակերպությունը կեղծել է ձայների զուգահեռ հաշվարկի արդյունքները, ինչը նպատակ ուներ հասարակության մեջ անկարգություններ հրահրել։