Սաուդյան թագաժառանգը ֆանտաստիկ տղա է, նրան կխնդրեմ ԱՄՆ-ում ներդրումների թիվը կլորացնել ու հասցնել 1 տրլն դոլարի. Թրամփ

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Սաուդյան Արաբիային առաջարկել է հայտարարված 600 մլրդ դոլարի փոխարեն 1 տրիլիոն դոլար ներդնել ԱՄՆ տնտեսությունում, գրում է cnbc.comը:

«Այսօր թերթերում կարդացել եմ, որ Սաուդյան Արաբիան առնվազն 600 մլրդ դոլարի ներդրում է անելու Ամերիկայում: Բայց ես թագաժառանգ արքայազնին, որը ֆանտաստիկ տղա է, կխնդրեմ այդ թիվը կլորացնել ու հասցնել 1 տրիլիոն դոլարի: Կարծում եմ՝ նրանք կանեն դա, քանի որ մենք շատ լավ ենք վերաբերվել նրանց», – ասել է ԱՄՆ նախագահը Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում տեսակապի միջոցով իր ելույթում:

Նախօրեին հաղորդվել էր, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանն ասել է, որ թագավորությունը ցանկանում է 600 միլիարդ դոլար ներդնել ԱՄՆ-ում առաջիկա չորս տարվա ընթացքում:

Երկուշաբթի իր երդմնակալությունից հետո Թրամփն ասել էր, որ հնարավոր է  Սաուդյան Արաբիա կատարի իր առաջին արտասահմանյան այցը, ինչպես դա արել էր 2017 թվականին: