Պուտինն ու Փեզեշքիանը Մոսկվայում կստորագրեն ՌԴ-Իրան Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը

Հունվարի 17-ին Մոսկվայում բանակցություններ կվարեն Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: Նրանք կստորագրեն երկրների միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը, հաղորդում է kommersant.ru-ն։

Մոսկվայի և Թեհրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը պարունակում է 47 հոդված և ընդգրկում երկկողմ համագործակցության բոլոր ոլորտները։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ,  հայտարարել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։

«Այս համաձայնագիրը ներառում է նախաբան, 47 հոդված և ընդգրկում է երկկողմ համագործակցության բոլոր ոլորտները», – ասել է Ջալալին Իրանի պետական ​​հեռուստատեսությանը և ռադիոյին: Դեսպանի խոսքով՝ այս համաձայնագիրը կազմելիս հիմնական ուշադրությունը դարձվել է «հավասարակշռության, ինքնիշխանության և երկրների տարածքային ամբողջականության հարգման սկզբունքներին»։