Դատախազությունը պահանջում է Վանաձորի նախկին քաղաքապետից բռնագանձել 7 անշարժ գույք և 165 միլիոն դրամ
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Վանաձոր համայնքի նախկին ղեկավար Սամվել Դարբինյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
➢ 3 անշարժ գույք Երևան քաղաքում, 4 անշարժ գույք Վանաձոր քաղաքում.
➢ 1 տրանսպորտային միջոց.
➢ 3 իրավաբանական անձանցում մասնակցություններ.
➢ 165 միլիոն 664 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և օրինական եկամուտներով չհիմնավորվող՝ բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված դրամական միջոցների հանրագումար:

