Խաղաղության պայմանագրի ստորագրման համար Հայաստանը «պետք» է փոխի Սահմանադրությունը և համաձայնի ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը. Ալիև
Նախքան Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը, Հայաստանը «պետք» է փոխի Սահմանադրությունը և համաձայնի ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը: Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Համառուսաստանյան պետական հեռուստառադիոհեռարձակման ընկերության և «ՌԻԱ Նովոստի»-ի հետ հարցազրույցում:
«Եվս երկու կետ, որ հայկական կողմը պետք է անի. առաջինը՝ փոխի իր Սահմանադրությունը, քանի որ Սահմանադրության մեջ հիշատակվում է Անկախության հռչակագիրը, որն իր հերթին տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ: Դրանում նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը հայտարարված է Հայաստանի մաս։ Ուստի Սահմանադրության փոփոխությունը մեր քմահաճույքը չէ, դրանք ուղղակի օբյեկտիվ պայմաններ են»,- ասել է Ալիևը։
Բաքվի երկրորդ պայմանը, հավելել է նա, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն է։
«Քանի որ այս հարցը լուծվում է կոնսենսուսով, դա ֆորմալ առումով անհնար է անել առանց Հայաստանի համաձայնության: Թեև ԵԱՀԿ Մինսկի խումբը վաղուց չի գործում, այն ֆորմալ առումով դեռևս գոյություն ունի։ Եվ մեր հարցն այն է, որ եթե Հայաստանը Ղարաբաղը ճանաչել է որպես Ադրբեջանի մաս, իսկ Մինսկի խումբը ստեղծվել է Ղարաբաղի հարցը լուծելու համար, ապա էլ ինչի՞ համար է այն անհրաժեշտ։ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու, մեզ հետ այդ հարցով ԵԱՀԿ-ին դիմելու առնչությամբ Հայաստանի դժկամությունը, հուշում է, որ «ռևանշիստների» ծրագրերը բավականին լուրջ են»,- նշել է Ադրբեջանի նախագահը։

