Գումի մսի շուկայում ՍԱՏՄ-ն առգրավել է մսեղիքը․ իրավիճակը լարված է, կան բերման ենթարկվածներ
Այսօր առավոտյան ՍԱՏՄ ներկայացուցիչները կարմիրբերետավորների հետ մտել են Երևանի Գումի շուկա և սկսել առգրավել մսավաճառների միսը՝ արգելելով բացել կրպակներն ու ատևտուր անել։
Սկսվել է քաշքշոց ոստիկանների եւ մսավաճառների միջեւ: Մսավաճառներից մեկը հանել է կրակայրիչը՝ փորձելով վառել իրեն: Քաշքշոցի ժամանակ մսավաճառներից մեկի ինքնազգացողությունը վատացավ: Ոստիկանները բերման են ենթարկել յոթ հոգու: Իրավիճակը շարունակում է լարված մնալ:
Մինչ այդ մսավաճառներից մեկն ասաց, որ իրենցից պահանջում եմ սպանդանոցային մորթի մասին փաստաթուղթ, բայց իրենց բնակավայրում չկա սպանդանոց. «Ինձ ասում են՝ մի դիմադրեք, մեկ է, տանելու ենք: Ասում են՝ տանելու ենք վառենք: Ես էլ ասում եմ՝ կարո՞ղ ենք տեսնել, որ վառում եք, ոչ թե տանում եք մեջ-մեջ անեք: 500-600 կգ-անոց մարմինը տարել են: Ասում եմ՝ եկեք գնանք Վեդի, եթե ինձ ցույց տաք սպանդանոց, միսը տարեք, ինձ էլ տուգանեք: Եթե սպանդանոց չկա, ո՞նց եք պարտադրում, որ սպանդանոցի թուղթ ունենանք»:
Մսավաճառներից մեկը նկատեց, որ ինքն այստեղ աշխատում է արդեն 4-5 ամիս, ոչ մի անգամ ՍԱՏՄ-ից չեն եկել, հիմա նոր տարվա շեմին եկել են ու միսը առգրավել են:
ՍԱՏՄ անասնաբուժության վարչության պետի տեղակալ Արթուր Մելիքյանը նշեց, որ իրենք ստուգում են իրականացնում, և եթե չկա սպանդանոցային մորթի մասին փաստաթուղթը, ապա միսը պետք է առգրավեն:

