Բաքվի վարչակազմը Ստեփանակերտում քանդել է ևս 2,5 հեկտար բնակելի շենքեր

Արցախի Հանրապետության Մշակութային ժառանգության պաշտպանության Հանրային խորհրդի նախագահ Սերգեյ Շահվերդյանը գրում է.

«Ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է ևս 2,5 հեկտար բնակելի շենքեր՝ Ստեփանակերտի նախկինում քանդված 6 պատմական թաղամասերի հարակից տարածքում։ Այսպիսով, հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում քանդվել է շուրջ 8,5 հա տարածք ԼՂՀ մայրաքաղաքի կենտրոնում։ Նախկինում գետնին են հավասարվել համալսարանին հարակից 3,5 հա և «Եվրոպա» հյուրանոցին հարակից բնակելի շենքերը՝ 0,5 հա։ Հիշեցնենք, որ հասարակական շենքերի առաջին քանդումները գրանցվել են գարնանը, այնուհետև Ադրբեջանի վարչակազմը քանդել է ԼՂՀ խորհրդարանի շենքը, Վետերանների միության շենքը և Վերածննդի հրապարակում գտնվող «Արմենիա» հյուրանոցը։

Քանդվել է նաև իմ տունը և մեր հարևանների տները։ Ակնհայտ է, որ Միջազգային քրեական դատարանի որոշումների նման ակնհայտ խախտումները հնարավոր են միայն այն դեպքում, եթե Ադրբեջանն ունի անպատժելիության վստահություն։ Այդ վստահությունը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կողմից գոնե ինչ-որ ձևով հրապարակային արձագանքի և ԼՂՀ պետական մարմինների համապատասխան գործողությունների բացակայությամբ։

Ինչ կարող ենք անել մենք՝ Արցախի քաղաքացիներս, մեր իրավունքները պաշտպանելու համար։

  1. Բոլոր հնարավոր միջոցներով ստիպել Հայաստանի իշխանություններին հրապարակային արձագանք հայտնել։
  2. Փոխհատուցման հայցերով հեղեղել Մարդու իրավունքների եվրոպական դատարանը։

Անձամբ ես որոշում եմ կայացրել դատի տալ Ադրբեջանին ոչնչացված գույքի (ոչ հողի) փոխհատուցման հարցով։ Այս առումով շատ կարևոր է, որ համապատասխան գիտելիքներ ունեցող մասնագետ միջազգայնագետները պատրաստեն միջազգային դատարան ներկայացված դիմումների նմուշները և տրամադրեն դրանք ցանկացողներին»։