Հարցուպատասխան հաշմանդամ անձանց տրամադրվող ծառայությունների և այլնի վերաբերյալ

Հարցուպատասխան՝ հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող սոցիալ-վերականգնողական ծառայություններից օգտվելու ընթացակարգի, ծառայությունները մատուցող կազմակերպությունների և այլնի վերաբերյալ

Հարց 1։ Հաշմանդամություն ունեցող անձ եմ․ կարող եմ արդյոք օգտվել ցերեկային կենտրոնում սոցիալ-վերականգնողական ծառայություններից։

Պատասխան: Այո՛, եթե հաշմանդամություն ունեցող անձ եք, ապա ցերեկային կենտրոնում անվճար հիմունքով կարող եք ստանալ սոցիալ-վերականգնողական ծառայություններ:

Հարց 2։ Ի՞նչ են ներառում ցերեկային կենտրոնում սոցիալ-վերականգնողական ծառայությունները։

Պատասխան։ Ցերեկային կենտրոններում իրականացվում են տարբեր խմբային և անհատական պարապունքներ (փայտագործություն, կավագործություն, գորգագործություն, երաժշտաթերապիա), ինքնուրույն կենցաղավարման, ինքնասպասարկման հմտությունների ուսուցանում և այլն:

Հարց 3։ Ծառայություններից կարո՞ղ են օգտվել մտավոր և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք։

Պատասխան։ Այո՛, մտավոր և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք ևս կարող են օգտվել ցերեկային կենտրոնում տրամադրվող սոցիալ-վերականգնողական ծառայություններից։

Հարց 4։ Արդյոք մարզերում բնակվող հաշմանդամություն ունեցող անձանց հասանելի են սոցիալ-վերականգնողական ծառայությունները։

Պատասխան։ 2024 թվականին սոցիալ-վերականգնողական ծառայությունները տրամադրվում են ոչ միայն Երևանում, այլև մի շարք մարզերում․ դրանք մատուցվում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ հասարակական կազմակերպություններին պատվիրակելու միջոցով։

Հարց 5։ Այս տարի սոցիալ-վերականգնողական ծառայությունները ո՞ր հասարակական կազմակերպությունների միջոցով են տրամադրվում։

Պատասխան։ 2024 թ․ անհրաժեշտ ծառայությունները տրամադրվում են հետևյալ կազմակերպությունների միջոցով՝

․ «Աուտիզմ Ազգային» հիմնադրամ (ք․Երևան),

․ «Փրկություն» ԲՀԿ (ք․ Երևան),

․ «Փյունիկ» ԲՀԿ (ք․ Երևան),

․ «Կարիտաս-Արեգակ» ԲՀ (Շիրակի մարզ, ք․ Գյումրի),

․ «Լիարժեք կյանք» ՀԿ (Լոռու մարզ, ք․ Ստեփանավան),

․ «Աստղավարդ» ՀԿ (Գեղարքունիքի մարզ, ք․ Վարդենիս),

․ «Խնամք» ՀԿ (Լոռու մարզ, ք․ Սպիտակ)։

Հարց 6։ ԼՂ-ից բռնի տեղահանված հաշմանդամություն ունեցող անձինք արդյոք կարող են օգտվել այս ծառայություններից։

Պատասխան։ Այո՛, ԼՂ հայրենակիցները ևս կարող են օգտվել ցերեկային կենտրոնում տրամադրվող սոցիալ-վերականգնողական ծառայություններից։

Հարց 7։ Ծառայություններից օգտվելու համար ո՞ւր կարող եմ դիմել։

Պատասխան։ Սոցիալ-վերականգնողական ծառայություններից օգտվելու նպատակով կարող եք դիմել Միասնական սոցիալական ծառայության Ձեր բնակության վայրի տարածքային կենտրոն։ Հասցեներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://socservice.am/offices

 Աշխատանիքի և սոցիալական հարցերի նախարարություն