Հարիսը դիմել է կողմնակիցներին. ընդունել է պարտությունը, բայց խոստանում է «շարունակել պայքարը»

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը նախագահական ընտրություններում պարտվելուց հետո իր առաջին ելույթում խոստացել է շարունակել պայքարը՝ հավանաբար ակնարկելով հետագա մասնակցությունը քաղաքականությունում, փոխանցում է RBC-ն։

Ելույթ ունենալով Վաշինգտոնի Հովարդի համալսարանի մոտ՝ Հարիսն ընդունել է, որ ԱՄՆ նախագահի ընտրությունների արդյունքն այն չէր, «ինչը մենք կցանկանայինք եւ հանուն ինչի պայքարում էինք»։

«Մենք պետք է ընդունենք այդ ընտրությունների արդյունքները։ Այսօր ավելի վաղ ես խոսել եմ ընտրյալ նախագահ Թրամփի հետ եւ շնորհավորել նրան հաղթանակի առիթով։ Ես նաեւ խոստացել եմ նրան օգնություն իշխանության փոխանցման գործում, եւ որ մենք դա կանենք խաղաղ»,- նշել է նա։

Դեմոկրատ քաղաքական գործիչն ընդգծել է իշխանության խաղաղ հանձնման անհրաժեշտությունը, որը, նրա խոսքով, դեմոկրատիան տարբերում է ավտոկրատիայից, ինչպես նաեւ նշել է, որ քաղաքացիները պետք է նվիրված լինեն ոչ թե կոնկրետ կուսակցությանը կամ քաղաքականությանը, այլ Սահմանադրությանը։