Ընդդիմադիրները գողացել են «Վրացական երազանքի» ձայները. Մդինարաձե
«Մենք ունենք 81 հաստատված, բացահայտված փաստ, թե ինչպես են «Ազգային շարժման» կլաստերի ներկայացուցիչները գողացել «Վրացական երազանքի» ձայները, և այսօր մենք այդ ապացույցները կներկայացնենք դատախազություն»,- ասել է «Վրացական երազանքի» գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն, հայտնում է Առաջին վրացական հեռուստաալիքը։
Ըստ Մդինարաձեի, քանի որ ընդդիմությունը չի համագործակցում այս հարցի հետաքննության հետ, «Վրացական երազանքը» կանի դա և ապացույցներ կտրամադրի վարչությանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայացել են խորհրդարանական ընտրություններ։
Երկրի ԿԸՀ-ի տվյալներով՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն ստացել է ձայների 53,9 %-ը, սակայն ընդդիմությունը չի ընդունում այս արդյունքները։ Զուրաբիշվիլին ընտրությունները որակել է «ամբողջական կեղծիք» և հայտարարել, որ չի ճանաչում դրանք, իսկ 5 %-ի շեմը հաղթահարած բոլոր չորս ընդդիմադիր կուսակցությունները հայտարարել են, որ բոյկոտելու են նոր խորհրդարանը։
Մի շարք երկրներ և կառույցներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, ԵՄ-ն, Վրաստանում ենթադրյալ ընտրախախտումները հետաքննելու կոչ են արել։

