Պետությունը միայն ու միայն հաց վաստակելու գործիք է. Փաշինյան
Պետությունը միայն ու միայն սեփական քաղաքացիների համընդհանուր բարեկեցությունը ապահովելու գործիք է կամ ժողովրդի լեզվով ասած՝ հաց վաստակելու գործիք է։ Այս մասին այսօր Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին 2025 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այսպես պետք է ընկալի պետությունն ինքն իրեն և այսպես պետք է ընկալեն քաղաքացիներն իրենց պետությունը, որովհետև եթե պետության պետական և ժողովրդական ընկալումը սա չէ, այդ պետության գոյության հեռանկարը կասկածի տակ է»,-ընդգծեց Փաշինյանը:
Նրա կարծիքով՝ հենց նման համակարգային ընկալման բացակայությունն է և էր պատճառը, որ Հայաստանի Հանրապետության ավելի քան 1 միլիոն քաղաքացի բարեկեցության իր կենսական կարիքը հոգալու համար սկսած 90-ականների սկզբից հեռացել է, արտագաղթել է և արտագաղթում է ՀՀ-ից։
«Այստեղ մնացածներից շատերն իրենց բարեկեցության հույսը կապել են հեռանալու հեռանկարի հետ և չկարողանալով կամ զուտ էմոցիոնալ չուզենալով հեռանալ, երբեմն նույնիսկ համակերպվել են, որ իրենք մնում են, բայց այստեղ իրենց համար բարեկեցություն չի լինելու։ Այսինքն՝ այստեղ մնալը շատ դեպքերում երկար տարիներ նույնացվել է ոչ բարեկեցիկ կյանքով ապրելու մտքի հետ համակերպվելու հետ»,-նշեց վարչապետի պաշտոնն զբաղեցնողը։
Նրա խոսքով՝ Երրորդ հանրապետությունում ստեղծված այս սոցիալ-հոգեբանությունը լրջագույն խնդիրներ է ստեղծել Հայաստանի համար, որովհետև ճեղքել և անդունդ է ստեղծել բարեկեցություն և հայրենիք, պետություն և բարեկեցություն, հայրենիք և պետություն հասկացությունների միջև։
«Այսինքն՝ բարեկեցություն հասկացությունը չի կապվել հայրենիք հասկացության հետ։ Բարեկեցության գործիք պետության մասին խոսելիս մարդիկ նկատի են ունեցել ուրիշ պետություններ և ոչ թե իրենց հայրենի պետությունը։
1991 թվականից ի վեր մեր հանրապետության միջին վիճակագրական ամենատարածված մոդելը եղել է այն, որ քաղաքացիներն իրենց հացը վաստակել են հայրենիքից դուրս, իսկ պետություն ասելի հասկացել են այն պետությունները, որոնք ամենևին իրենք չեն հիմնել, բայց որոնցում իրենք հաց են վաստակել։
Այսպես մեր սոցիալ-հոգեբանության մեջ բաղդատվել և տարանջատվել են բարեկեցություն, հայրենիք և պետություն հասկացությունները։ Այս ճեղքի լրացումն առանցքային նշանակություն ունի մեր երկրի ապագայի համար, որովհետև հայեցակարգային, գաղափարաբանական մակարդակում մեր ինքնության և պետության պահպանումը, զարգացումը և հարատևությունն ապահովելու համար ռազմավարական անհրաժեշտություն է պետության՝ որպես հայրենիքի բովանդակության և բարեկեցության (այսինքն՝ հացի ստեղծման) գործիքի հայեցակարգային ընկալման արմատավորումը, ինչը բարեբախտաբար դանդաղ և ենթագիտակցական մակարդակում տեղի է ունենում»,-եզրափակեց Փաշինյանը։

